Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականին զրկեցին Եվրոպայի 2024 թվականի առաջնությանը մասնակցելու իրավունքից


Լեհ և ուկրաինացի ֆուտբոլասերները Հայաստան-Ուկրաինա խաղի օրը պարզել են «Դադարեցրեք պատերազմը» գրությամբ պաստառը, Լոձ, 11 հունիսի, 2022թ.
Լեհ և ուկրաինացի ֆուտբոլասերները Հայաստան-Ուկրաինա խաղի օրը պարզել են «Դադարեցրեք պատերազմը» գրությամբ պաստառը, Լոձ, 11 հունիսի, 2022թ.

Ուկրաինայի ֆուտբոլի ընկերակցության նախագահ Անդրեյ Պավելկոյի փոխանցմամբ, Ռուսաստանին զրկել են ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնությանը մասնակցելու իրավունքից:

Այդ առաջնությունը պետք է անցկացվի Գերմանիայում: Ռուսաստանի ներկայացուցչին չեն թույլատրի մասնակցել հավաքականների խմբերի կազմավորման վիճակահանությանը, որը հոկտեմբերի 9-ին տեղի կունենա Մայնի Ֆրանկֆուրտում:

«Առնվազն մինչև 2024 թվականը ռուսները միջազգային մրցումների չեն մասնակցի: Եվրո-2024-ը կանցնի առանց Ռուսաստանի»,- ասել է Պավելկոն:

Եվրո-2024-ը կանցկացվի 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը գերմանական տասը քաղաքներում՝ Բեռլինում, Քյոլնում, Մյունխենում, Մայնի Ֆրանկֆուրտում, Համբուրգում, Դորթմունդում, Լայպցիգում, Գելզենկիրխենում, Շտուտգարտում և Դյուսելդորֆում: Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը կմասնակցեն 24 երկրների հավաքականներ:

Այս տարվա մայիսին ՈւԵՖԱ-ն զրկել է ռուսներին 2022-23 թվականների Ազգերի լիգայի մրցաշարին մասնակցելու իրավունքից: Ռուսական ակումբերը զրկված են նաև եվրոպական գավաթների խաղերին մասնակցելու հնարավորությունից:

ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն Ուկրաինայի վրա Ռուսաստանի նախաձեռնած ռազմական հարձակման կապակցությամբ Ռուսաստանի հավաքականներին և ակումբներին արգելել են մասնակցել միջազգային բոլոր տեսակի մրցումներին՝ «մինչև հետագա ծանուցումը»:

ՈւԵՖԱ-ն նաև դադարեցրել է «Գազպրոմի» հետ համագործակցությունը: Նախկինում «Գազպրոմի» գովազդը ցուցադրվել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղերի հեռարձակման ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG