Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Անվտանգության խորհրդի անդամների հետ երկրի համար կարևորագույն այլ հարցերի թվում քննարկել է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)՝ նոյեմբերի 23-ին Երևանում կայացած գագաթնաժողովը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր հանդիպումը:
«Խոսելու բան կա՛: Գիտենք, որ ես բոլորովին վերջերս Հայաստանում էի, որտեղ անցկացվում էր ՀԱՊԿ գագաթնաժողովը: Բազմակողմ ձևաչափով և հետո Հայաստանի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ՝ այնտեղ կար մի քանի հարց, որոնք կոլեկտիվ քննարկում են պահանջում, խոսենք նաև այդ մասին», - ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Պուտինը:
Երևանյան գագաթնաժողովում առաջարկված ՀԱՊԿ փաստաթղթերից երկուսը վարչապետ Փաշինյանը չստորագրեց, քանի որ դրանցում բացակայում էր Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի քաղաքական գնահատականը: