Մատչելիության հղումներ

Գիշերը հայկական դիրքերը սահմանին գնդակոծվել են. ՊՆ


Նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ - ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Ըստ հաղորդագրության՝ այսօր ժամը 8:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն էր:

Հայաստանի ռազմական գերատեսչությունը նաև հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդումը, թե իբր ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումները երեկ ժամը 17:35-22:32-ը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ այն որակելով հերթական ապատեղեկատվություն:

Բաքվի հաղորդագրությունը հերքել է նաև Արցախի Պաշտպանության բանակը՝ նույնպես որակելով հերթական ապատեղեկատվություն:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր, թե հայկական ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական դիրքերը Քելբաջարի և Դաշքեսանի շրջանների, Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումներն էլ՝ Աղդամի շրջանի ուղղություններով:

Այսօր ավելի ուշ Բաքուն կրկին «կտրականապես հերքեց» սահմանին հայկական դիրքերը գնդակոծելու մասին Երևանի հաղորդումը:

XS
SM
MD
LG