Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը առանձին հանդիպումներ են ունեցել Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթի հետ:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ՝ ԱԳ նախարար Միրզոյանը և Միխայել Զիբերթը քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:
Միրզոյանը և Զիբերթը մտքեր են փոխանակել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ:
ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները: Ընդգծվել է, որ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը և ոչ կառուցողական քաղաքականությունը խաթարում են խաղաղության հաստատման ջանքերը, իսկ նոր էսկալացիայի հավանականությունը շարունակում է բարձր մնալ:
Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Ռազմական գերատեսչությունն էլ հաղորդում է, որ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը Միխայել Զիբերտի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը:
Կողմերը քննարկել են նաև ԵՄ դիտորդական կարողությունների գործունեությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարի տեղակալն, ըստ հաղորդագրության, վերահաստատել է առաքելությանն աջակցելու պատրաստակամությունը: