Մատչելիության հղումներ

Քաղաքացիները դժգոհում են՝ ավելի քան 1 տարի է դժվարությամբ են ստանում կենսաչափական անձնագիր, վերջին շրջանում նաև ID քարտ


Արդեն ավելի քան 1 տարի Հայաստանում քաղաքացիները դժվարությամբ են ստանում կամ չեն ստանում կենսաչափական անձնագիր, իսկ վերջին շրջանում նաև ID` նույնականացման քարտ։ Ընդ որում` ոստիկանության տարբեր բաժիններում միմյանցից բոլորովին տարբեր մեկնաբանություններ են տրվում, թե ինչու դիմողներին չեն տալիս անձնագիր կամ ID:

«Նախ, փորձել եմ մոտ 3 անձնագրային բաժանմունքներում կենսաչափական անձնագիր ստանալ, բոլոր տեղերում կամ հերթերի պատճառով, հիմա էլ արդեն այն պատճառաբանությամբ, որ կենսաչափական անձնագրի նմուշները չկան, անժամկետ, որևէ ժամկետ չի նշվում, թե երբ կլինի, երբ կարող եմ ձեռք բերել: Պատճառաբանությունն այն է, որ ուղղակի այդ նմուշները առկա չեն այս պահին», - ներկայացրեց Ալինա Նիկողոսյանը:

Նիկողոսյանն ամառվանից սկսած դիմել է տարբեր ոստիկանական բաժիններ, վերջին անգամ 1 ամիս առաջ, այդպես էլ չի կարողացել ստանալ կենսաչափական անձնագիրը. - «Երբ որ ես մոտեցա և ասացի, որ կենսաչափական անձնագիր եմ ուզում վերցնել, ինձ համոզում էին, որ հին անձնագիրը վերցնեմ, բայց ես չեմ ուզում երկու տարին մեկ այդ փոփոխությունը լինի կամ հետո իմ անձնագիրն անվավեր ճանաչվի: Ես 10 տարով նորմալ անձնագիր եմ ուզում և պատրաստ եմ 25 հազար դրամ վճարել, բայց փաստացի ինձ պետությունը այդ անձնագիրը չի տրամադրում»:

Սոցցանցում մեր անցկացրած հարցումից պարզ դարձավ, որ այսպիսի խնդրի են բախվել տասնյակ քաղաքացիներ։ Աննա Ջավախյանը պատմեց, որ կենսաչափական անձնագիր ստանալու համար նախ դիմել է այս ամռանը, խնդրել են մոտենալ 2 ամիս անց, կրկին գնացել է աշնանը՝ նորից ասել են, որ ո՛չ կենսաչափական անձնագիր, ո՛չ ID նրան չեն կարող տալ, ստիպված է եղել վերցնել ոչ կենսաչափական, սովորական անձնագիր։

«Ժամկետանց անձնագիր է եղել մոտս, պարզ է, որ ո՛չ կարող էի երկրից դուրս գալ, ո՛չ կարող էի ինչ-որ գործարք կատարել, բայց համբերեցի այդ ժամանակը, որ գնամ վերջապես ստանամ ID-ն: Սեպտեմբերին գնացի, ասացին՝ դեռ չկա, հարցիս, թե ե՞րբ կլինի, պատասխանեցին, որ չեն կարող ասել, ու այդպես արդեն, որ սկսեցի ծանոթների կարգով հետաքրքրվել, ինձ ասացին, որ մինչև հունվար հաստատ չի լինի: Դե մինչև հունվար էլ առանց անձնագիր մնալն արդեն անհնարին էր, դրա համար էլ դիմեցի ու ստացա 10 տարով սովորական հին անձնագիրը», - պատմեց Ջավախյանը:

Ոստիկանությունը պաշտոնապես որևէ բացատրություն չունի, թե ինչու ցանկացողները չեն ստանում կենսաչափական անձնագիր, ավելին, «Ազատության» հետ զրույցում ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Արա Մկրտչյանը կտրուկ հերքեց, թե նման խնդիր կա։

«Բիոմետրիկ անձնագրերի տրամադրման որևէ խնդիր չկա, ես չգիտեմ՝ որ քաղաքացիներն են ձեզ ասել, որևէ ստորաբաժանումում որևէ խնդիր չկա, յուրաքանչյուր ցանկացող, ով ցանկանում է ստանալ բիոմետրիկ անձնագիր, կարող է մոտենալ և ստանալ», - նշեց Մկրտչյանը:

«Ազատության» հարցմանն արձագանքած բազմաթիվ քաղաքացիներ էլ հայտնում էին, որ չեն կարողացել ID քարտ ստանալ։

Մեկ այլ քաղաքացի էլ օրեր առաջ էր գրառում արել, նշելով. «Կհուշե՞ք, թե ինչից է, որ պետությունը չի կարողանում ապահովել որոշ պարզ մեխանիզմների աշխատանքը։ Օրինակ, բավականին ժամանակ է նույնականացման քարտ չեն տրամադրում։ Ասացին՝ Նոր տարուց հետո եկեք։ Չգիտեմ ինչու, բայց վստահ եմ, որ հունվարի 3-ին էլ հաջողության չեմ հասնի այս հարցում»։

Ոստիկանության ներկայացուցչի հետ մեր հարցազրույցում պարզվեց, որ նույնականացման քարտ կամ ID տալիս են միայն այն անձանց, որոնք ունեն էլեկտրոնային ստորագրության կարիք, սակայն այս քաղաքացու պարագայում, օրինակ, ոստիկանական բաժնում նրան չեն ասել, որ եթե ունեք էլեկտրոնային ստորագրության կարիք, ձեզ կսպասարկենք։

«Հենց այսօր տրվել է 250-ից ավելի նույնականացման քարտ», - ասաց Արա Մկրտչյանը:

Թեև քաղաքացիներին ոստիկանության բաժիններում չեն պարզաբանում, ոչինչ չեն ասում նաև թեժ գծին զանգահարողներին, բայց անձնագրային վարչությունից «Ազատությանը» բացատրեցին, որ այժմ փոփոխվում է «Նույնականացման քարտերի մասին» օրենքը, փոփոխություններն այժմ Ազգային ժողովում են։ Ընդունվելուց հետո 2023-ից Հայաստանում կթողարկվեն նոր տեսակի ID քարտեր, հետևաբար հիմա հին տեսակի քարտերի թողարկման սահմանափակում կա։

«Ազատության» հարցին՝ այսինքն նոր տեսակի ID քարտերը տարվա սկզբից հնարավո՞ր է լինելու ստանալ, ոստիկանության ներկայացուցիչը պատասխանեց. - «Այո, տարվա սկզբից, կոնկրետ օր չասեմ, երբ որ այդ փոփոխությունը կմտնի, կոնկրետ նշված կլինի, երբ է ուժի մեջ մտնում օրենքը և այդ ուժի մեջ մտնելու օրվանից»:

Մինչ այդ սոցցանցերում ամենատարբեր մեկնաբանությունների հանդիպեցինք թե ինչու մարդկանց չեն տալիս ID քարտեր՝ տարբեր դավադրապաշտական տեսակետներից մինչև պետության անգործություն և «պլաստիկի եղածն ինչ է, որ չեն կարողանում ներմուծել» տեսակի մեկնաբանություններ։ Անձնագրերի ու ID-ի տպագրության համար անհրաժեշտ նյութի ներմուծման հետ առնչվող խնդիրներ իրականում եղել են, բայց անցյալ տարի, հիմա նման խնդիր չկա, ասաց անձնագրային վարչության պետը։

Անպատասխան է մնում հարցը, թե ինչո՞ւ ոստիկանության բաժիններում պատշաճ չեն բացատրում քաղաքացիներին, թե ինչ պատճառով չեն տալիս ID քարտեր։

XS
SM
MD
LG