Մատչելիության հղումներ

Անձնագրում կոնկրետ ծննդավայրը նշելու առաջարկը միանշանակ չի ընդունվում


Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում այսուհետ որպես ծննդավայր կարող է նշվել ոչ թե Հայաստանը, այլ այն բնակավայրը, որտեղ նա ծնվել է: Համապատասխան օրենքներում փոփոխություն կատարելու մասին նախագծերն օրերս հավանության արժանացան Կառավարության նիստում։

Առաջարկները դեռ պետք է հաստատվեն նաև խորհրդարանում, սակայն Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մտահոգություն ունի՝ դա կարող է խնդիրներ առաջացնել արցախցիների համար։

Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայան, արխիվ
Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայան, արխիվ

«Քանի որ դեռ քննարկման փուլում է, լավ է, թող այսպիսի կարծիքներն էլ հաշվի առնեն: Ինձ թվում է, որ Հայաստանի Հանրապետություն գրելը լավագույն տարբերակն է: Տեսնենք, հիմա քննարկելու առարկա է: Որովհետև դա կարող է սահմանափակել իսկապես, և այդ երևույթի հետ առնչվում ենք մենք, կարող է դրանից հետո, իսկապես, որոշ մարդիկ չկարողանան ստանալ վիզաներ: Առանց այն էլ մենք ունենք խնդիր այս ուղղությամբ», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Արցախի արտգործնախարարը:

Նախագծի հեղինակ, Հայաստանի անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանն ասում է՝ հնարավորություն է տրվելու, որ քաղաքացին ինքը որոշի՝ անձնագրում որպես ծննդավայր երկի՞րն է նշվելու, թե՞՝ բնակավայրը։

Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյան, արխիվ
Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյան, արխիվ

«Կմնա Հայաստանի Հանրապետություն այնքան ժամանակ, կմնա ԱՄՆ այնքան ժամանակ՝ որտեղ որ ծնվել է, կմնա Ֆրանսիա՝ ծննդավայրը Ֆրանսիա, չգիտեմ, Ռուսաստան, այնքան ժամանակ, քանի դեռ հակառակը չի եկել. քաղաքացին կարող է գա, ասի՝ «մի նշիր Ռուսաստանի Դաշնություն, նշիր Մոսկվա», եթե ուզենա, նշվի Մոսկվա, կամ նշվի, չգիտեմ, որևիցե բնակավայրի անուն, որտեղ ծնվել է, և այդ տեղեկությունը առկա է ծննդյան վկայականում», - ասաց Բիչախչյանը «Ազատության» հետ զրույցում:

Արցախի արտգործնախարարը, սակայն, այս դեպքում էլ է խնդիրներ տեսնում. - «Մարդը կարող է չի հասկանում այդ նրբությունները, հայրենասիրությունից ելնելով ասում է՝ «գրեք Ստեփանակերտ»: Վաղը, Աստված մի արասցե, այդ մարդու առողջականը վատանում է, և ինքը պետք է գնա արտասահման: Նրանք էլ տեսնում են, որ Ստեփանակերտ է գրած, և չեն տալիս վիզա»:

Արցախցիների անձնագրերը հայաստանցիների անձնագրերից տարբերվում են հաշվառման հասցեով միայն։ Բաբայանը առանց թվեր հրապարակելու պնդում է՝ դա էլ է խնդրահարույց եղել, շատ երկրներ արգելել են արցախցիների մուտքն իրենց տարածք, «որովհետև Ադրբեջանը լոբբինգ է անում, փող է տալիս, կաշառում է տարբեր երկրներին, որ ով Արցախից է՝ իրենց վիզաներ չտրամադրեն». - «Մենք նման երևույթների հետ մի շարք երկրների պարագայում առնչվել ենք, չեմ ուզում անուններ տամ այդ երկրների, բայց առնչվել ենք՝ տեսնում են գրանցումը, և այլն: Ինչի՞ համար չեն տալիս, թե քաղաքակիրթ երկրներ են, տեռորիստներ ե՞ն արցախցիները: Հիմա մենք պետք է լավ մտածենք՝ եթե դա խոչընդոտի, ավելի ճիշտ կլինի պարզապես գրել Հայաստանի Հանրապետություն»:

Առաջարկվող նախագծում որպես հիմնավորում նշվում է՝ փոփոխության անհրաժեշտություն է ծագել, երբ պարզվել է՝ Հայաստանը պետք է անձնագիր տա իր քաղաքացուն, որի ծննդավայրը Հայաստանի Հանրապետության կողմից չճանաչված պետություն է կամ միջազգայնորեն վիճարկելի տարածք:

«Նա ցանկանում էր և պնդում էր, որպեսզի անձնագրում չնշենք Իսրայել, որովհետև ճամփորդում էր Պաղեստին, Պաղեստինի հետ կապված խնդիրներ ունեն տարածքային, և այնտեղ պրոբլեմներ էր ունենում, խնդրում էր գրել Երուսաղեմ: Բայց չստացավ անձնագիրը այնքան ժամանակ, քանի դեռ մենք այդ դեպքով առարկայական լուծում չտվեցինք և պետությունը չնշեցինք՝ նշեցինք Երուսաղեմ: Դրանից հետո պրակտիկայում նորից խնդիրներ առաջացան Աբխազիայում ծնվածների հետ կապված, Հարավային Օսիայում ծնվածների հետ կապված, և ծնվեց գաղափարը նախագծի», - նշեց Մնացական Բիչախչյանը:

Փոփոխությունների հեղինակի խոսքով՝ առաջարկի վերաբերյալ դրական եզրակացություն են ստացել Արտգործնախարարությունից։ Միաժամանակ նշում է՝ հնարավոր խնդիրները կարող են շտկվել առաջիկայում՝ խորհրդարանական քննարկումների ընթացքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG