Մատչելիության հղումներ

Տևական ժամանակ է՝ ՀՀ քաղաքացիներին չեն տրամադրվում նոր անձնագրեր, ըստ ոստիկանության, մատակարարման խնդիր է առաջացել


Արդեն տևական ժամանակ է, Հայաստանի անձնագրային բաժանմունքները քաղաքացիներին չեն տրամադրում անձնագրեր, դիմումներ ևս չեն ընդունվում։ Անձնագրային բաժանմունքներից քաղաքացիներին հորդորում են ամսվա վերջ մոտենալ։ Լիլիթ Ավագյանի ընտանիքը ևս բախվել է այս խնդրին, տեղեկացրել են, որ անձնագիր չկա։

«Աղջիկս պետք է մեկնի արտերկիր ամսվա վերջին և անձնագիրը փոխելու հրատապ անհրաժեշտություն առաջացավ, քանի որ ժամկետն ավարտվում է, և ինքը արդեն երկրում չի լինելու, վիզան էլ նշում են այնքան, ինչքան անձնագրի ժամկետն է: Դիմեցինք Աջափնյակի անձնագրային բաժանմունք, այնտեղ կարճ-կոնկրետ ասացին՝ չունենք անձնագիր, չենք կարող տրամադրել, դիմեք ամսի 15-ից հետո, երբ ասացինք՝ հրատապ խնդիր է, ասացին՝ դիմեք օվիռ: Խնդրեցինք գոնե դիմում գրել, գոնե ամսի 15-ին պատրաստի կվերցնենք անձնագիրը, ասացին՝ ոչ, անգամ դա չեք կարող անել», - ներկայացրեց Ավագյանը։

Մինչ օրս ոստիկանությունը չի հրապարակել պատշաճ տեղեկատվություն, թե ինչու քաղաքացիները չեն ստանում անձնագրեր։ Ոստիկանությունից «Ազատությանը» հայտնեցին միայն, որ կորոնավիրուսով պայմանավորված մատակարարման խնդիր է առաջացել, սակայն թե մասնավորապես որն է խնդիրը, չեն մանրամասնում։ Արդյոք մատակարարող երկի՞րը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները կամ Հայաստանը, ի՞նչ ժամկետներում են թույլ տվել խախտումներ, ե՞րբ և ինչքա՞ն խմբաքանակ փաստաթուղթ պետք է ուղարկվեր Հայաստան։ «Ազատությունը» այս և այլ հարցերի վերաբերյալ գրավոր տեղեկատվություն է խնդրել ոստիկանությունից։ Առայժմ պատասխան չկա։

2011-ից Հայաստանը պայմանագիր է կնքել լեհական ընկերության հետ։ Լեհաստանից պատրաստի գրքույկները ուղարկվում են Հայաստան, այստեղ արդեն անձով անհատականացվում և լուսանկարն է ամրագրվում անձնագրայինի տպարանում։

«Ես ուզում էի անձնագիրս նորը վերցնեի, որովհետև ժամկետը լրացել է, ինձ ասացին, որ տեխնիկական պատճառով մենք չենք կարող Ձեզ ընդունել։ Ես ասացի՝ գուցե ես գնամ Քանաքեռ-Զեյթուն համայնք, ոչ, ասաց, ամբողջ Հանրապետությունում տեխնիկական պատճառով անձնագրերի հանձնում, փոխանակում չի կայանա մինչև 15-ը կամ 20-ը», - ասաց քաղաքացիներից մեկը։

«Հիմա երևի ես նույնականացման քարտ վերցնեմ, որովհետև մտնելու եմ աշխատանքի, առանց փաստաթղթի չեն ընդունի», - ընդգծեց մեկ այլ քաղաքացի։

Դոնարա Ասատրյանն էլ հոկտեմբերին պետք է մեկնի Կիև՝ եղբոր մահվան տարելիցի համար։ Նոր անձնագիր, սակայն, դեռևս չի տրամադրվում. «Ինձ անձնագիր պետք էր, որովհետև Կիև պիտի գնայի, որովհետև իմ հարազատ եղբայրն է մահացել, տարին է։ Ես պիտի գնայի»։

Անձնագրերի հետ կապված այսպիսի խնդիրներից զերծ մնալու համար ավելի վաղ լուծումներից մեկի մասին էր խոսել Անձնագրային և վիզաների վարչության արդեն նախկին պետ Մնացական Բիչախչյանը։ Առաջարկելով կազմակերպել բիոմետրիկ համակարգի մրցույթ, մատակարարող ընկերության հետ ավելի երկարաժամկետ պայմանագիր կնքել, օրինակ, 10 տարի՝ ևս 5 տարի երկարացնելու պայմանով։

«Տեսեք, հիմա մրցույթ է հայտարարվում դրվում է այս քանակի անձնագիր, լեհերն են շահել, ֆրանսիացիները, ինքը պետք է տպագրի այդքան քանակի անձնագիր։ Թուղթը և մնացած հումքը ձեռք է բերելու այդ քանակությամբ, ինքը ավելի շահագրգռվածություն չունի տպագրելու, որովհետև ինչ իմանա՝ մյուս մրցույթը ինքն է շահելու, թե ոչ։ Իսկ եթե 10 տարով կնքվի պայմանագիր, տպելո՞ւ է 10 տարվա մեջ 1 մլն կամ 3 մլն անձնագիր, ինքը կունենա ռեզերվային պահուստներ, չի սպասի որևէ մրցույթի, արա՞գ սպառվեց, ունենալով ռեզերվային քանակություն, շատ արագ կմատակարարի: Արանքում կլինի քովիդ կամ այլ համավարակով պայմանավորված, կունենա ռեզերվային պահուստներ ու կմատուցի Հայաստանի Հանրապետությանը: Երկարաժամկետ պայմանագիրը հարցի հիմնական լուծումներից մեկն է։ Մատակարարողի համար պետք է կանխատեսելի լինի իր բիզնեսը, պետության համար էլ պետք է մատակարարողը կանխատեսելի գործընկեր լինի: Թե չէ կնքում ենք մի տարով, մի տարին ավարտվելուց առաջ մրցույթ ենք հայտարարում, մրցույթը չավարտված մեկ այլ կազմակերպություն բարձր գին տվեց, տեղի չունեցավ..... Պատկերացրեք պետական փաստաթուղթը, որը ոչ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների մեղքով կարա առաջանա, այսինքն խնդիրների ու բացերի պատճառով, որ անպայման պետք է մրցույթ լինի, առաջանան նմանատիպ խնդիրներ», - ասաց Բիչախչյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG