Մատչելիության հղումներ

Հայաստանը մտադիր է տիեզերք ուղարկել հայաստանյան արտադրության արհեստական արբանյակ


Հայաստանի իշխանությունները խոսում են հայկական երկրորդ, այս անգամ հենց Հայաստանում արտադրված արհեստական արբանյակը տիեզերք ուղարկելու մասին։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանի ներկայացմամբ՝ այդ նպատակով արդեն աշխատանքերը սկսել են. - «Էականորեն կտարբերվի առաջին արբանյակից ոչ միայն իր տեխնիկական հատկություններով, այլ նաև այն բանով, որ և' նախագծման, և' ամենայն հավանականությամբ ինտեգրացիայի զգալի մասը Հայաստանում կարվի»։

Թե երբ իրականություն կդառնա դա, պաշտոնյան ժամկետներ չնշեց։ Մինչ այդ արդեն կառավարությունից հայտնում են, որ կես տարի առաջ տիեզերք արձակված հայկական առաջին արհեստական արբանյակը՝ Armstat1-ն արդեն պատրաստ է շահագործման։ Անցած ամիսներին այն թեստավորվում էր, արդյուքները դրական են, այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ ընթանում են արբանյակի կառավարման կենտրոնի ու ընդունիչ կայանի կառուցման աշխատանքները. - «Մոտ ժամանակներս արդեն կժամանի Հայաստան աշխատանքային խումբ, որը կզբաղվի մոնտաժային աշխատանքերով։ Սարքավորումների մեծ մասը արդեն ներկրվել է Հայաստան, համապատասխան մասնագետները անցնում են վերապատրաստման աշխատանքներ»։

Ըստ նախարարի, կառավարման կենտրոնը պատրաստ կլինի մինչև տարեվերջ: Այս կենտրոնի միջոցով հնարավոր կլինի արբանյակն ամբողջությամբ կառավարել հենց Հայաստանից։ Ստացված տվյալներն օգտագործվելու են տարբեր նպատակներով՝ սկսած գյուղատնտեսությունից, վերջացրած՝ արտակարգ իրավիճակների կանխարգելում, սահմանների հսկողություն։

Նախարարի խոսքով, արբանյակային լուսանկարներով անգամ տնտեսական աճն է հնարավոր կանխատեսել՝ օգտագործելով արբանյակի գիշերային լուսանկարները. - «Լուսավորությունը քաղաքի համեմատում են նախկին նկարների հետ, տեսնում են ավելացել է քաղաքում լույսը, թե պակասել ա, դրա հաշվին կանխատեսումներ են անում»։

Թեստավորման փուլում Հայաստանն արբանյակից տարբեր լուսանկարներ է ստացել, այդ թվում՝ սահմանային, հայտնեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանը. - «Երկրագնդի տարբեր կետերից լուսանկարներ կան։ Օրինակ, կա նաև Հայաստանի արևելյան սահմանագծին մոտ գտնվող Հայաստանի պատկեր, որը արվել է սեպտեմբերի 14-ին»։

Իսպանական SATLANTIS-ը, որի միջոցով տիեզերք արձակվեց հայկական առաջին արբանյակը, Հայաստանում արդեն ներկայացուցչություն է հիմնել։

«Եթե համեմատելու լինենք, Հայաստանը ոչ թե թանկարժեք «Մերսեդես» է գնել, այլ, այսպես ասենք, ստեղծել է գործարան, որը կարտադրի այդ թանկարժեք Մերսեդեսը: Այդ իսկ պատճառով SATLANTIS-ը հիմնել է հայկական ներկայացոuցչությունը, և այդ երկարաժամկետ ծրագրերը կիրականացվեն», - ասաց SATLANTIS ընկերության գլխավոր տնօրենԽուան Թոմաս Հերնանին։

Կառավարությունը ցանկանում է Հայաստանում հիմնել արբանյակների զանգվածային արտադրություն։ Թե երբ, այս դեպքում էլ ժամկետների մասին որևէ խոսք չկա։

XS
SM
MD
LG