Մատչելիության հղումներ

Լեհաստանում երկու մարդու կյանք խլած հրթիռն Ուկրաինայի ՀՕՊ-ն է արձակել


Ս-300 հրթիռի բեկորը, Պշևոդուվ, Լեհաստան, 15 նոյեմբերի, 2022թ.
Ս-300 հրթիռի բեկորը, Պշևոդուվ, Լեհաստան, 15 նոյեմբերի, 2022թ.

Պշևոդուվից 6 կիլոմետր հեռու հրթիռակոծվող Ուկրաինան է

Երեկ Լեհաստանի տարածքում՝ Պշևոդուվ պստիկ բնակավայրում երկու հրթիռների պայթյունի մասին հաղորդագրությունը հիրավի լուրջ անհանգստություն է առաջացրել ամբողջ աշխարհում:

Պշևոդուվից մինչև սահման ընդամենը 6 կիլոմետր է, այն կողմում ռուսական ագրեսիայի և ամենօրյա հրթիռակոծությունների ենթարկվող Ուկրաինան է: Պշևոդովում երկու խաղաղ բնակիչ է զոհվել:

Բնականաբար, առաջին վարկածն այն էր, որ Լեհաստանի տարածք՝ միտումնավոր կամ ոչ միտումնավոր, հասել են ռուսական հրթիռներ: Դա անխուսափելիորեն սրելու էր Ռուսաստանի և Արևմուտքի առանց այն էլ լարված հարաբերությունները:

Վլադիմիր Զելենսկի. «Մի օր ռուսների ագրեսիան կհասնի ՆԱՏՕ-ի տարածք»

Լեհաստանը ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, միջադեպն առնվազն տեսականորեն կարող էր հանգեցնել այնպիսի բախման, որի հետևանքներն աղետալի կլինեին ամբողջ մոլորակի համար:

Առաջինը Կիևն է հայտարարել ռուսական վարկածի մասին: Նախագահ Վլադիմիր Զելենսկին գիշերը շտապել է ասել, թե տեղի ունեցավ այն, ինչի մասին Ուկրաինան վաղուց է նախազգուշացրել՝ մի օր ռուսական ագրեսիան կհատի Ուկրաինայի սահմանը և կհասնի ՆԱՏՕ-ի տարածք:

Մինչդեռ, Միացյալ Նահանգների, ՆԱՏՕ-ի և Լեհաստանի բարձրաստիճան զինվորականները հորդորել են չշտապել և սպասել մինչև իրենց մասնագիտական կարծիքը կհայտնեն զինվորական և հետախուզական պատկան ծառայությունները:

Պայթել է Ս-300 տեսակի խորհրդային արտադրության հին հրթիռ

Այսօր արդեն ՆԱՏՕ-ն և լեհերը նշել են, որ Պշևոդուվ բնակավայրում ուկրաինական ՀՕՊ համակարգի հրթիրներ են պայթել:

«Ամենայն հավանականությամբ պայթել է խորհրդային արտադրության Ս-300 տեսակի հին հրթիռ, ոչինչ չի վկայում այն մասին, որ հրթիռը ռուսներն են արձակել, առավել հավանական է, որ այն արձակել է ուկրաինական ՀՕՊ-ը, որը փորձել է ոչնչացնել Ուկրաինայի վրա ռուսների արձակած հրթիռները»,- ասել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան:

Նրա փոխանցմամբ, հավանաբար, պայթել է ոչ թե Ս-300-ի մարտագլխիկն, այլ հրթիռի վառելիքը:

Ռուսաստանը հայտարարել է, որ լեհ-ուկրաինական սահմանի շրջանում երեկ ոչ մի թիրախների չեն հարվածել:

«Ուզում ենք ընդգծել, որ ամենամոտ թիրախը Ուկրաինայի և Լեհաստանի սահմանից շուրջ 35 կիլոմետր հեռավորության վրա է եղել»,- ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը:

Ջո Բայդեն. «Հետագիծը վկայում է, որ հրթիռը Ռուսաստանից չի արձակվել»

Երեկվա միջադեպից ժամեր անց Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ վերլուծում է իրավիճակը:

«Հաշվի առնելով Լեհաստանի տարածք հասած հրթիռների հետագիծը՝ քիչ հավանական է, որ դրանք Ռուսաստանից են արձակվել»,- ասել է Բայդենը:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե Արևմուտքն անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Ռուսաստանի հասցեին:

Դմիտրի Պեսկով. «Չարժե շտապել գնահատականներ անելուց»

Նա նշել է, որ մի շարք արևմտյան երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարություններ են հնչեցրել՝ պատկերացում իսկ չունենալով, թե ինչ է տեղի ունեցել:

«Երբեք չարժե շտապել իրավիճակը վատթարացնող գնահատականներ և հայտարարություններ անելուց»,- ասել է Պեսկովը:

Յենս Ստոլտենբերգ. «Ռուսաստանն է պատասխանատվությունը կրում»

Մինչդեռ, Արևմուտքում ընդգծում են, որ երեկվա միջադեպի և այս ամիսների ընթացքում երկու կողմից տասնյակ հազարավոր զոհերի, համատարած ավերածությունների բուն պատճառն Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումն է:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, թե փաստերը վկայում են, որ երեկվա միջադեպը միտումնավոր հարձակում չէր, և որ, ըստ նախնական տվյալների, Լեհաստանում ուկրաինացիների հրթիռն է պայթել:

«Բայց թույլ տվեք հստակ ասել, սա Ուկրաինայի մեղքը չէ, Ռուսաստանն է ամբողջական պատասխանատվությունը կրում՝ շարունակելով իր ապօրինի պատերազմն Ուկրաինայի դեմ»,- ասել է Ստոլտենբեգրը:

Կիևը ցանկանում է Արևմուտքի հետ համատեղ քննել միջադեպը

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովն ասել է, թե Կիևը ցանկանում է Արևմուտքի գործընկերների հետ միասին քննել միջադեպի հանգամաքները:

«Մենք կողմ ենք հնարավորինս մանրակրկիտ հետաքննությանը, մենք պատրաստ ենք գործընկերներին փոխանցել ռուսական հետքի վերաբերյալ մեր ունեցած տվյալները: Մեզ անհրաժեշտ է նաև գործընկերների վերջնական եզրակացությունն առ այն, որ ուկրաինական ՀՕՊ հրթիռն է պայթել»,- ասել է Դանիլովը:

XS
SM
MD
LG