Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահը աշխարհին կոչ է արել Ռուսաստանին հարկադրել դադարեցնել պատերազմը


Ուկրաինայի նախագահը կոչ է արել աշխարհին Կիևից չպահանջել զիջումներ, այլ ստիպել Ռուսաստանին դադարեցնել պատերազմը։

Այսօր տեսաուղերձով դիմելով Ինդոնեզիայում անկացվող Մեծ քսանյակի գագաթնաժողովին՝ Զելենսկին ընդգծել է, որ պատերազմը պետք է ավարտվի «արդարացիորեն և ՄԱԿ-ի կանոնադրության ու միջազգային իրավունքի հիման վրա». - «Ուկրաինային պետք չէ առաջարկել զիջումների գնալ խղճի հետ ինքնիշխանության, տարածքի և անկախության շուրջ»։

Զելենսկու այս հայտարարությունը հնչել է այն հաղորդումների ֆոնին, որոնց համաձայն Ամերիկայի և Ռուսաստանի հետախուզությունների ղեկավարները նախօրեին հանդիպում են ունեցել Անկարայում։ Երեկ The Wall Street Journal-ի աղբյուրները հայտնել էին, որ Միացյալ Նահանգները խորհուրդ է տվել Ուկրաինային «իրատեսական» բանակցային պահանջներ ձևակերպել, այդ թվում՝ վերանայել Ղրիմի վերադարձը որպես բանակցությունների նախապայման դիտարկելը։ Պաշտոնական աղբյուրները այս հաղորդումները չեն հաստատել, բայց և չեն հերքել։

Զելենսկին այսօր կրկին հստակ պայմաններ է դրել՝ ռուսական զորքերը պետք է դուրս գան ՈւկրԱինայի տարածքից, ավելին՝ հայտարարել է, որ Մինսկի նոր համաձայնագրեր չեն լինելու. - «Ռուսաստանը պետք է հաստատի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, դուրս բերի իր զորքերը Ուկրաինայի տարածքից և փոխհատուցի հասցված վնասը: Ուկրաինային անհրաժեշտ են անվտանգության նոր և արդյունավետ երաշխիքներ, Մինսկի համաձայնագրերին վերադարձի մասին խոսք լինել չի կարող»։

Մոսկվան ի պատասխան հայտարարել է, թե Կիևի պահանջները իրատեսական չեն։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն ասել է, թե Մինսկի նոր համաձյանագրերի անհնարինության մասին Զելենսկու խոսքերը հաստատում են բանակցություններից հրաժարվելու Ուկրաինայի դիրքորոշումը։

Դմիտրի Պեսկովը շեշտել է, թե այս իրավիճակում Մոսկվան Ուկրաինայում իր նպատակներին կհասնի հատուկ ռազմական օպերացիայի միջոցով. - «Ուկրաինան, ինչպես դե ֆակտո, այնպես էլ դե յուրե, չի կարող և չի ցանկանում բանակցել։ Ըստ այդմ, Ռուսաստանի Դաշնության նպատակները կիրականացվեն հատուկ ռազմական օպերացիայի շարունակման միջոցով»։

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ավելի կոշտ հայտարարություն է արել՝ ասելով, թե Ուկրաինայում նեոնացիստական ռեժիմի ոչնչացումը միայն կվերադարձնի կայունությունն ու անվտանգությունն աշխարհում։

Մեծ քսանյակին ուղղված իր ելությից հետո Ուկրաինայի նախագահը իր Տելեգրամ ալիքում ներկայացրել է Կիևի տասը կետանոց խաղաղության բանաձևը, որտեղ դրույթներ կան նաև ռադիացիոն և միջուկային անվտանգության մասին։

Քանի դեռ կողմերը մերժում են բանակցությունները, մարտերը չեն դադարում․ թեժ է իրավիճակը Դոնեցկի մարզում, որտեղ ռուսական կողմը փորձում է Խերսոնից նահանջի ֆոնին ապահովել գոնե համեստ առաջընթաց:

Այս ընթացքում ռուսական համացանցը ակտիվորեն քննարկում է Պուտինի թիմակից Եվգենի Պրիգոժինին պատկանող մասնավոր ռազմական ընկերության հետ կապված վերջին սկանդալը։ Նոյեմբերի 12-ին GRAY ZONE Տելեգրամ ալիքում մի տեսանյութ է հրապարակվել, որի առաջին մասում մի տղամարդ ներկայանում է որպես Եվգենի Նուժին, և ասում, որ ինքնակամ հանձնվել է ուկրաինական կողմին։ Տեսանյութի վերջին հատվածում արդեն նույն Նուժինը մութ սենյակում է, որտեղ անհայտ մեկը մուրճով հարվածում է նրա գլխին։ Պրիգոժինը, մեկնաբանելով տեսանյութը, փաստացի արդարացրել է մարդասպաններին և ասել է, թե «շունը պետք է շան մահով սատկի»։

Իսկ հետո, երբ Ռուսաստանի օմբուդսմենը հայտարարել է, թե Քննչական մարմինները ստուգում են տեսանյութը՝ իրականությունը պարզելու համար, նույն Պրիգոժինը դիմել է դատախազությանը՝ խնդրելով ուսումնասիրել այն վարկածը, իբր դաժան սպանությունը տեղի է ունեցել ամերիկյան հատուկ ծառայությունների ձեռքով։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG