Մատչելիության հղումներ

Մոսկվայի հետ բանակցություններ սկսելու համար Կիևը պայմաններ ունի


Ուկրաինա - Խերսոնում տոնում են ռուսական բանակից քաղաքի ազատագրումը, 12-ը նոյեմբերի, 2022թ.
Ուկրաինա - Խերսոնում տոնում են ռուսական բանակից քաղաքի ազատագրումը, 12-ը նոյեմբերի, 2022թ.

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ անհրաժեշտ է երկխոսության համար պայմաններ ստեղծել։ Միաժամանակ, նա ասել է, որ խոսքը ոչ թե վատ, այլ ՄՍԿ-ի Կանոնադրության և միջազգային իրավունքի արժեքների վրա հիմնված խաղաղության մասին է, հավելելով՝ Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա ՄԱԿ-ի Կանոնադրության և Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտում է։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է նստել բանակցային սեղանի շուրջ միայն Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը վերականգնելուց հետո։

Կիրակի օրը Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը գրել է, որ թեև Ռուսաստանում արագորեն նվազում է պատերազմին աջակցողների թիվը, և շատերն են մտածում, թե այն ավարտելու ժամանակն է արդեն, Մոսկվան, այդուամենայնիվ, այսօր բանակցություններին պատրաստ չէ և պատրաստ կլինի, Պոդոլյակի կարծիքով, Դոնեցկի կամ Լուգանսկի ազատագրումից հետո։

Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունները կարող են վերսկսվել 2023 թվականի երկրորդ կեսին, իր հերթին, հայտարարել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, ով նախկինում գլխավորել է ուկրաինական պատվիրակությունը Ռուսաստանի հետ բանակցություններում։ Արախամիան հիշեցրել է՝ բանակցություններ սկսելու համար Կիևը պայմաններ ունի։ «Նախագահ Վլադիմիր Զելենսկին հստակ նշել է այն պայմանները, որոնց դեպքում հնարավոր է ինչ-որ բանի մասին խոսել Մոսկվայի հետ, դրանք են՝ տարածքային ամբողջականության վերականգնում, փոխհատուցում և երաշխիքներ, որ դա այլևս չի կրկնվի», - գրել է Արախամիան իր Տելեգրամ ալիքում։

Դավիթ Արախամիան համարում է, որ 2024 թվականի նախագահական ընտրություններից առաջ Ռուսաստանի իշխանությունները ռազմական հաջողության բացակայության պատճառով դիվանագիտական ճակատում կփորձեն ինչ-որ բան ցույց տալ իրենց ժողովրդին, և այդ տրամաբանության շրջանակում հաջորդ տարվա երկրորդ կեսին բանակցությունները կարող են վերսկսվել։

Ի դեպ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չի հայտարարել, որ մասնակցելու է 2024-ի նախագահական ընտրություններին։

XS
SM
MD
LG