Մատչելիության հղումներ

«Մենք այստեղ ենք և դուք ստիպված եք համակերպվել այս փաստի հետ»․ ընդդիմադիրները վերադարձան ԱԺ


Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը, ներկա են նաև կես տարուց ավելի նիստերը բոյկոտած ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցության պատգամավորները։

Նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, դիմելով իշխանական պատգամավորներին, հայտարարեց՝ «մենք այստեղ ենք և դուք ստիպված եք համակերպվել այս փաստի հետ»։

«Սա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն է, նաև մեզ այստեղ գործուղած քաղաքացիների Ազգային ժողովը, ձեր սեփականություն չէ», - ասաց Վարդանյանը։

Դիմելով քաղաքացիներին՝ ընդդիմադիր պատգամավորը շեշտեց՝ երկար ժամանակ բոյկոտել էին այս նիստերը, քանի որ փողոցում էին պայքարում «այս իշխանության կործանարար քաղաքականության դեմ», հիմա փողոցում դադար է ժամանակավոր և իրենք լիարժեք օգտագործելու են այս գործիքակազմը։

Ազգային ժողով ենք վերադարձել Հայաստանի ու Արցախի քաղաքացիներին հուզող կարևորագույն օրակարգով, ասաց Վարդանյանը։

«Հայ ժողովրդի համար այս դժվար ժամանակներում այս իշխանությունը սպառնալիք է պետականության և հայկականության համար։ Այս իշխանությամբ Հայաստանն ու Արցախն ապագա չունեն, ապագա չունի մեր ժողովուրդը, մենք այստեղ ենք թույլ չտալու, որ կործանարար ընթացքն անշրջելի դառնա», - եզրափակեց ընդդիմադիր պատգամավորը։

Ընդդիմադիր երկու՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները սկսեցին բոյկոտել ԱԺ նիստերը մայիսից՝ Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու մասին՝ վարչապետ Փաշինյանի հայտարարությունից հետո։ Վրաններ տեղադրեցին Երևանի կենտրոնում գտնվող Ֆրանսիայի հրապարակում և ամենօրյա փողոցային պայքար սկսեցին։ Մեկուկես ամիս հետո հայտարարեցին մարտավարությունը փոխելու մասին և դադարեցրին նստացույցը։ Հավաքների թիվն էլ պակասեց։

Աշնանային նստաշրջանն էլ մեկնարկեց առանց ընդդիմադիր խմբակցությունների։ «Խորհրդարանում կեղծ օրակարգեր են քննարկվում՝ Հայաստանի պետականության լրջագույն սպառնալիքների հետ որևէ առնչություն չունեցող», - բոյկոտը շարունակելու որոշումն այսպես փաստարկեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Անցած շաբաթավերջին «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարեց, որ կմասնակցի Ազգային ժողովի նիստերին՝ շեշտելով՝ դա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ պայքարը չի շարունակվելու: «Հայաստան» խմբակցությունը թեև հստակ չէր հայտարարել խորհրդարան վերադառնալու մասին, սակայն չէր էլ բացառել։

XS
SM
MD
LG