Մատչելիության հղումներ

Մենք հետաքրքրված չենք ուրիշ երկրի տարածքով. Զելենսկի


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի

Նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր այցելել է ազատագրված Խերսոն ու հայտարարել, թե Ուկրաինան իր տարածքն ամբողջությամբ կազատագրի։

«Մոսկվա չենք գնա։ Մենք հետաքրքրված չենք ուրիշ երկրի տարածքով։ Մեզ հետաքրքրում է մեր տարածքի ազատագրումը։ Ես չգիտեմ, թե որը կլինի հաջորդ ազատագրված քաղաքը, բայց կլինի», - հավելել է նա։

Ռուսական զորքը բռնակցված Խերսոնից դուրս եկավ անցած ուրբաթ, Կրելմլը, սակայն, հայտարարել էր, թե զորքերի դուրսբերումը ոչինչ չի փոխում, և Խերսոնը նախկինի պես Ռուսաստանի տարածքն է։

Այսօր Կրեմլի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել նախագահ Զելենսկու այցը Խերսոն։ Դմիտրի Պեսոկվը միայն կրկնել է, թե այն ռուսական տարածք է։

Այս զարգացումներին ֆոնին և' ռուսական, և' ամերիկյան լրատվամիջոցները գրում են Անկարայում ընթացող ռուս-ամերիկյան բանակցությունների մասին։ Այդ մասին նախ գրեց ռուսական «Կոմերսանտը», ապա ամերիկյան CNN-ը։ Ըստ վերջինիս, Անկարայում հանդիպում են Կենտրոնական հետախուզական գործակալության տնօրեն Ուիլիամ Բերնսը և Արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը CNN-ին ասել է, թե այս հանդիպման նպատակն է ռուսական կողմի հետ քննարկել «ռիսկերը կառավարելու», ինչպես նաև անարդարացիորոն ազատազրկված Ամերիկայի քաղաքացիների հարցը։

«Մենք միշտ թափանցիկ ենք եղել և ասել, որ Ռուսաստանի հետ բաց ենք պահում հաղորդակցական ուղիները՝ ռիսկերը կառավարելու, հատկապես միջուկային ռիսկը կառավարելու հարցը քննարկելու համար։ Հենց այդ ջանքերի շրջականում Բերնսը Անկարայում հանդիպում է իր ռուս գործընկերոջ հետ», - ասել է Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը՝ հատուկ ընդգծելով, որ Կենտրոնական հետախուզական գործակալության տնօրենը ուկրաինական պատերազմի հանգուցալուծման տարբերակներ չի քննարկում, պարզապես Վաշինգտոնի ուղերձն է փոխանցում Ռուսաստանի կողմից միջուկային զենքի հնարավոր կիրառման հետևանքների մասին։

Իր հերթին Մոսկվան այսօր դարձյալ խոսել է Կիևի հետ բանակցություններ սկսելու մասին՝ միաժամանակ շեշտելով, որ Ուկրաինայի տարածքից ռուսական զորքերի դուրսբերումը որպես բանակցություններ սկսելու նախապայման, անընդունելի է Ռուսաստանի համար։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է բանակցությունների, սակայն պետք է նախ հաշվի առնել տեղում տիրող իրավիճակը։

Անցած շաբաթ մյուս փոխնախարար Սերգեյ Ռյաբկովն էր վստահեցրել , որ Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների երկխոսության համար։

Նախագահ Զելենսկին բազմիցս է հայտարարել, որ ռուսական զորքերի դուրսբերումը երկրի միջազգայնորեն ճանաչված ողջ տարածքից, այդ թվում՝ Ղրիմից, պայման է Մոսկվայի հետ բանակցություններ սկսելու համար։

Երեկ The Wall Street Journal-ի աղբյուրները հայտնել են, որ Միացյալ Նահանգները խորհուրդ է տվել Ուկրաինային ձևակերպել «իրատեսական» բանակցային պահանջներ, այդ թվում՝ վերանայել Ղրիմի վերադարձը որպես բանակցությունների նախապայման դիտարկելը։ Պաշտոնապես Վաշինգտոնը հայտարարում է, որ Կիևի վրա որևէ ճնշում չի գործադրում։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ընդգծել է, որ հակամարտության խաղաղ կարգավորման պայմանները կախված են Ուկրաինայից։

Մինչ այդ, Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ Խերսոնի շրջանում ազատագրվել է ավելի քան 226 բնակավայր։ Միաժամանակ իշխանություները հորդորում են հեռացած բնակիչներին չվերադառնալ, քանի դեռ չեն ավարտվել կայունացման աշխատանքները։

Ռուսները հեռանալիս ականապատել են հսկայական տարածքներ, ասել է Վլադիմիր Զելենսկին. - «Ռուսների լքած տարաներում քննիչներն արդեն արձանագրել են ավելի քան 400 ռուսական ռազմական հանցագործություններ, հայտնաբերվել են ինչպես քաղաքացիական անձանց, այնպես էլ զինվորականների դիեր»:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Ենինը հայտնել է, որ Խերսոնի շրջանի տարածքում խոշտանգումների սենյակներ են հայտնաբերվել։

Ըստ ուկրաինական կողմի, նոյեմբերի 11-ին սկսված ռուսների նահանջը Խերսոնի մարզից շարունակվում է։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի խոսնակ Օլեքսիյ Շտուպունը հայտարարել է, թե ռուսներ դուրս են գալու նաև Դնեպր գետի ձախ ափից. - «Հակառակորդի կողմից ժամանակավորապես գրավված Խերսոնի շրջանի Կախովկա, Տավրիյսկ, Նովա Կախովկա բնակավայրերում նկատվում է հակառակորդի անձնակազմի թվի նվազում, քաղաքներում օկուպանտների նվազագույն քանակ կա»։

Սրան զուգահեռ սակայն, ռուսները մեծ ուժեր են կենտրոնացնում Դոնեցկի և Լուգանսկի մարզերում։ Ռուսական կողմը այսօր հայտնել է Դոնեցկի մարզում Պավլովկա բնակավայրը գրավելու մասին։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը ավելի վաղ հայտարարել է, որ Ռուսաստանը «վրդովված և անհանգստացած» է Խերսոնի կորստից՝ միաժամանակ հորդորելով չթերագնահատել Մոսկվային. - «Եթե նրանց ավելի շատ թնդանոթի միս պետք լինի, կանեն»։

Պատերազմի ուսումնասիրման Վաշինգտոնի ինստիտուտի փորձագետների տվյալներով, ռուսական հարձակողական գործողությունները Դոնեցկի մարզում առաջիկա շաբաթներին կուժեղանան, քանի որ ավելի շատ մոբիլիզացված զորքեր և արևմտյան Խերսոնից դուրս բերված ուժեր կտեղակայվեն այս տարածքում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG