Մատչելիության հղումներ

Խալաֆյանի գործով գլխավոր մեղադրյալը դատապարտվեց ութ տարվա ազատազրկման


Վահան Խալաֆյանին ինքնասպանության հասցնելու մեջ մեղադրվող Աշոտ Հարությունյանը երկուշաբթի օրը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման:

Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Աշոտ Հարությունյանին ներկայացվել էր այս գործով ամենածանր մեղադրանքը, որի համաձայն` նրա կիրառած բռնությունների հետեւանքով է Վահան Խալաֆյանը, պաշտոնական վարկածով, ինքնասպան եղել:

Դատավոր Մեսրոպ Մակյանի հրապարակած դատավճռով երկու տարվա փորձաշրջանով պայմանական ազատազրկման դատապարտվեց նույն գործով մեղադրվող օպերլիազոր Մորես Հայրապետյանը: Նույն հոդվածով` պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող մյուս երկու օպերլիազորներ` Գարիկ Դավթյանը եւ Գագիկ Ղազարյանը արդարացվեցին, ինչին շատ բուռն արձագանքեց դատարանի դահլիճը:

Ապրիլի 13-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում 24-ամյա Վահան Խալաֆյանը, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան է եղել դանակով, որի վրա մատնահետքեր չեն պահպանվել: Սակայն նրա հարազատները այսօր էլ դատավճռի հրապարակումից հետո պնդեցին, որ իրականում Վահան Խալաֆյանին սպանել են ոստիկանները: Դատավճռի հրապարկմանը ներկա չէր Վահան Խալաֆյանի մայրը, նրան դատարանի դահլիճից ավելի վաղ հեռացրել էին եւ այսօր թույլ չտվեցին մտնել դահլիճ: Անահիտ Խալաֆյանը դատարանի բակում էր արտահայտում իր զայրույթը` մեղավորներին չպատժելու կապակցությամբ:

«Տղաս ինքնասպանություն չի արել, Տոնոյանին էլ պետք է մահապատժի ենթարկեն», - ասաց Անահիտ Խալաֆյանը:

Երկու օպերլիազորներին արդարացնելու որոշումը անսպասելի էր Վահան Խալաֆյանի մոր, քույրերի եւ մյուս հարազատների համար: Նրանց զայրացրել էր իրենց բնորոշմամբ` «անարդար դատավճիռը»:

Վահան Խալաֆյանի իրավահաջորդը` հորեղբայր Հմայակ Խալաֆյանը եւս անընդունելի համարեց դատավճիռը:

«Ով, որ պետք է իր պատիժը կրեր, չկրեց: Նույնիսկ երկուսն էլ արդարացվեցին», - ասաց հորեղբայրը:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ով պետք է դատվեր, որ չի դատվել, Հմայակ Խալաֆյանը պատասխանեց. - «Սամվել Տոնոյանի անունը տրվեց, որը ոստիկանպետի օպերատիվ գծով տեղակալն էր, նույն Մորեսի հետ կապված, որին Աշոտ Հարությունյանը մեղադրում էր դանակը ձեռքը լինելու մեջ: Այդ թեմայով ընդհանրապես չխոսվեց, որը նույնպես կասկածների տեղիք է տալիս»:

Դատավճռից հետո հայտարարություններով հանդես եկան նաեւ ամբաստանյալ Աշոտ Հարությունյանի հարազատները: Նա արդարացված մյուս երկու օպերլիազորների նման իրեն մեղավոր չի ճանաչում: Այս դատավարության ժամանակ հաճախ լուրեր էին շրջանառվում, թե Հարությունյանը ասելիք ունի իրականում տեղի ունեցածի կապակցությամբ: Վահան Խալաֆյանի հարազատները, սակայն, այսօր էլ փաստեցին, որ նա չասաց այն, ինչ սպասվում էր: Հարությունյանի մայրը եւ կինը եւս իրենց վրդովմունքը արտահայտեցին դատավճռի կապակցությամբ:

«Խի՞ սա վճիռ էր, սա գավառական դատարան էր, էնքան անմակարդակ, որ 5 ամիս էդքան փաստեր հավաքի իր ձեռքում ու էնքան անզոր լինի, որ իմ էրեխուն անմեղ տեղը տանի դատի, երբ որ ինքը շատ լավ գիտի, որ Տոնոյանն է խփել ու սպանել: Իրենք գործը քննել են, ապացույցներ ունեն, թող այդ ապացույցներով գնան դատեն, ոչ թե սպասեն, որ Աշոտը պետք է մարդ ծախի», - ասաց մայրը` ավելացնելով, որ ակնկալում էր, որ իր որդուն կարդարացնեն:

Ոստիկանություն հրավիրված եւ մահացած 24-ամյա Վահան Խալաֆյանի գործով դատավճիռը գնահատեց նաեւ իրավապաշտպան Միքայել Դանիելյանը:

«Դատավճիռը կանաչ լույս տվեց ոստիկանություններում շարունակել խոշտանգել, ծեծել եւ նույնիսկ սպանել մարդկանց», - ասաց իրավապաշտպանը:

Թե Վահան Խալաֆյանի իրավահաջորդը, թե Աշոտ Հարությունյանը պատրաստվում են բողոքարկել այսօրվա դատավճիռը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG