Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է հանդիպում անցկացնել հանրության հետ և քննարկել զորակոչվածներին սատարելու հարցը: Դա տեղի կունենա հատուկ միջոցառման ձևաչափով: Այդ մասին այսօր ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Կլինի առանձին միջոցառում, դրա մասին կհայտնենք լրացուցիչ»,- նշել է Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակը:
Նոյեմբերի 7-ին` ավելի վաղ, Պուտինը Տվերի նահանգապետ Իգոր Ռուդենյայի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է զորակոչվածներին աջակցություն ցուցաբերելու թեմային:
«Ես էլ անպայման կհանդիպեմ մարդկանց և այդ հարցը կքննարկեմ, որ լսեմ նրանց կարծիքը, որ հետադարձ կապ լինի»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը:
Պուտինը սեպտեմբերի 21-ին է հրապարակել Ռուսաստանում մասնակի զորակոչ անցկացնելու հրամանագիրը: Զորակոչվածները միանում են բանակին Ուկրաինայում ընթացող պատերազմին մասնակցելու համար:
Զորակոչի հրամանագրի հրապարակումից ժամեր անց արական սեռի տասնյակ հազարավոր ռուսաստանցիներ սկսեցին լքել Դաշնության տարածքը:
Արևմտյան վերլուծաբանների կարծիքով, մասնակի զորակոչի պահանջը վկայում է Ուկրաինայում ռուսական բանակի անհաջողությունների և մարդուժի լուրջ կորուստների մասին:
Ռուսաստանի իշխանությունների նախաձեռնությամբ զորակոչի հրամանագրով տարբեր, այդ թվում՝ ծանր հանցագործությունների համար դատապարտված քաղաքացիները կարող են ազատություն ստանալու դիմաց զորակոչվել և մեկնել ուկրաինական ռազմաճակատ: