Մատչելիության հղումներ

Դեբեդ գետի աղտոտման փաստով հարուցված քրեական վարույթի քննությունը շարունակվում է


Այս տարվա ամռանը Դեբեդ գետի աղտոտման փաստով հարուցված քրեական վարույթի քննությունը շարունակվում է, կատարվող փորձաքննությունների արդյունքները դեռ անհայտ են, «Ազատությանն» ասաց Լոռու մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։

Ամռանը բնապահպանների ահազանգերի հիման վրա ստուգումներ էին արել, նմուշառումներ վերցրել ինչպես գետից, այնպես էլ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի պոչամբար լցվող խողովակից, ասաց դատախազը. «Նշանակել են դատաէկոլոգիական և դատաքիմիական համալիր փորձաքննություն՝ պարզելու, թե իրականում թունարով նյութեր առկա են, թե՝ ոչ»:

Թե երբ պատրաստ կլինեն փորձաքննության տվյալները, դատախազը հստակ պատասխան չունի։ Հայաստանում երկար, նույնիսկ տարիներ տևող գործեր կան, ասում է։

«Ընդհանուր առմամբ Հայաստանում փորձագիտական հիմնարկները ահավոր ծանրաբեռնված են և կան փորձաքննություններ, որոնք տևում են նույնիսկ տարիներ», - ընդգծեց Գաբրիելյանը:

Մինչ այդ որևէ միջոց չի կիրառվի Ախթալայի պղնձամոլիբդենային հանքն ու ֆաբրիկան շահագործող ընկերության նկատմամբ։ Բնապահպանները համոզմունք ունեն, թե դեռ կշարունակվեն աղտոտման դեպքերը, ինչի մասին պարբերաբար ահազանգելու առիթներ են ունենում. «Կարծում ենք, որ պոչամբարի ներքևի հատվածից դեպի Դեբետ գետ այս պահն էլ շատ հնարավոր է, որ աղտոտում տեղի է ունենում, ուղղակի այս պահին արձանագրված չէ»:

Այս տարվա հուլիսին առաջին դեպքն էր, երբ քրեական վարույթ սկսվեց Դեբեդի աղտոտման փաստով։ Նախկինում դարձյալ եղել է, երբ Դեբեդի ափամերձ բնակավայրերի այգետերերն ու բնապահպաններն արձանագրել են, որ գետը գունափոխվել է, ափերը՝ թանձր ու մոխրագույն զանգվածով պատվել։ Բայց մինչև 200 հազար դրամ տուգանքով հարցը փակվել է, գործը քրեական վարույթին չի հասել։ Կոմբինատից հրաժարվում են մեկնաբանել, հղում են անում նախաքննությանն ու հորդորում սպասել դրա ավարտին։

Մինչդեռ բնապահպան Օլեգ Դուլգարյանը թերահավատ է, որ հարուցված վարույթը էական փոփոխություն կբերի. «Շրջական համայնքների բնակիչները այդքան էլ վստահ չեն, որ այդ վարույթը շատ արագ որոշակի դրական արդյունքների կբերի: Այսինքն՝ թերահավատ են, որ դա կփոխի, միգուցե դա այս պահին կմեղմի որոշակի աղտոտման քանակները, բայց խնդիրը չի լուծի, քաղաքացիները թերահավատ են մեծամասամբ»:

Հայաստանի օդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ Հայաստանի գետերի վրա 151 դիտակետ կա: Տարեկան 5-12 անգամ ստուգվում է ջրի որակը: Ըստ հրապարակված տվյալների, Դեբեդում ու դրա վտակներում ծանր մետաղները մի քանի անգամ գերազանցվել են։ Մասնագետները որոշ ամիսների գետը բնութագրել են որպես «վատ որակի»։ Օրինակ՝ այս տարվա հուլիս-սեպտեմբերին հայ-վրացական սահմանի մոտ տեղադրված չափիչ սարքերն արձանագրել են ծանր մետաղների նորմայի գերազանցում մինչև 8 անգամ։ Ընդ որում՝ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատից ավելի վերև, երբ գետը չի առնչվում արտանետումներին, ծանր մետաղների պարունակությունն էականորեն քիչ է։

Հայտնի չէ, հանքարդյունաբերող ընկերության նկատմամբ ինչ մեխանիզմներ են կիրառվել այս աղտոտումների համար, բայց պետականորեն սահմանված չնչին տուգանքները մեծ վնաս չեն կարող հասցնել խոշոր եկամուտներ ստացող ընկերությանը։

Բնապահպան Օլեգ Դուլգարյանն ասում է՝ այդ տուգանքներն անհամեմատելի են մարդկանց առողջությանը հասցված վնասի հետ։ Կազմակերպությունը հետազոտություն էր արել և պարզել, որ այդ շրջաններում ապրող մարդկանց արյան մեջ, ինչպես նաև հողում չափազանց բարձր է մկնդեղի պարունակությունը, ինչի չափումները Հայաստանի պետական կառույցները երբևէ չեն իրականացրել։

«Բնակչության թունավորում է տեղի ունենում և այս պահին որևէ պետական միջամտություն կամ պետական մոնիտորինգ մարդկանց առողջության կամ շրջակա միջավայրի կամ նույն հողերի, չի իրականացվում: Էլ չասեմ, որ Հայաստանի Հանրապետության չափորոշիչով 1 կգ հողի մեջ մկնդեղի թույլատրելի շեմը մինչև 0,2 միլիգրամ է, իսկ Ճոճկանում, Մեծ Այրումում 1 կգ հողի մեջ մինչև 0,70-0,80 միլիգրամ կմնդեղ ենք հայտնաբերել», - նշեց բնապահպանը:

Համեմատության համար նշենք, որ լոռեցի երեխաների օրգանիզմում հայտնաբերվել է նույն քանակի մկնդեղ, որքան չեխ հանքափորների մոտ։

Դեբեդ գետի աղտոտման փաստով հարուցված քրեական վարույթի քննությունը շարունակվում է
please wait

No media source currently available

0:00 0:04:29 0:00

XS
SM
MD
LG