Մատչելիության հղումներ

Չեխական հանքարդյունաբերական ընկերության նախատեսած հանրային լսումները Լոռու մարզում տապալվեցին


Այսօր Լոռու մարզի 5 համայնքներում տապալվեցին երկրաբանական ուսումնասիրությունների թույլտվություն ստանալու նպատակով կազմակերպված հանրային լսումները։

Չեխական «Լուսաջուր վենչրզ ինվեստ» ընկերությունը մտադիր է մարզի Հանքաձոր կոչվող տարածքում մետաղական հանքանյութ փնտրել, արդյունավետ պաշարներ հայտնաբերելու և պետությունից թույլտվություն ստանալու դեպքում Մարգահովիտ, Վահագնաձոր, Վահագնի, Դեբեդ և Եղեգնուտ համայնքներին պատկանող տարածքներում հանքարդյունաբերություն սկսել։

Այսօր եկել էին Լոռի՝ այդ համայնքների բնակիչներին ներկայացնելու իրենց ցանկություններն ու ծրագրերը, բայց հանքարդյունաբերությանը դեմ բնակիչներն ու բնապահպան ակտիվիստները վաղ առավոտից փակեցին գյուղապետարանների մուտքն ընկերության ներկայացուցիչների առաջ ու արգելեցին քննարկում անցկացնել։

«Իմ բոլոր հարազատները մահացել են քաղցկեղից։ Խեղդում ա էդ անտերը․․․», - ասում էր բնակիչներից մեկը։

Ընկերության ներկայացուցիչները հորդորում էին ներկաներին թույլ տալ իրենց ընդամենը հետախուզել տարածքը։ Պնդում էին, որ դեռևս հանք բացելու նպատակ չունեն։ Չեխական ընկերության տնօրեն Մհեր Պողոսյանը ներկաներին ասաց՝ արդյունահանելու դեպքում հանքը շահագործելու են փակ եղանակով։

Չեխական ընկերության ներկայացուցիչներից մեկը ծննդով ախթալեցի, նախկին իշխանությունների օրոք պաշտոններ զբաղեցրած ու կոռուպցիայի համար դատապարտված Վազգեն Խաչիկյանն է, որ վերջին երեք տարիներին Լոռիում ակտիվ տուրիստական ծրագրեր է իրականացնում։

Այսօր Խաչիկյանը պնդում էր, թե հանքային տուրիզմ են զարգացնելու հարուստ բնություն ունեցող այս տարածքում։ Ըստ նրա, տուրիզմի այս ձևն ավելի մեծ եկամուտներ է բերելու, քան բուն հանքարդունաբերությունը։ Բացատրեց՝ զբոսաշրջիկները շրջայցեր են անելու հանքախորշերում։

Բնապահպաններին չհամոզեցին ընկերության ներկայացուցիչների պնդումները, թե հանքը վնասակար չի լինի բնության ու համայնքների համար, և որ շահագործման դեպքում հարկերի տեսքով մեծ գումարներ կմտնեն բյուջե, աշխատատեղեր կբացվեն։

Ակտիվիստներն օրինակ են բերում նախկինում բացվածները՝ բազմաթիվ խոստումներ են տվել, բայց այսօր հանքավայրեր ունեցող համայնքները միայն ապականված բնություն ու սոցիալական մեծ խնդիրներ ունեն։

«Հաշվի առնենք, որ մեր երկրում քանի անգամ են սենց նորաբաց հանքերը էկել խոստումներով, վերջում էլ ժողովրդին դրել են թունավորված բնության առաջ, երբ մենք մտնում էինք հանք, մեզ ասում էիք՝ բնապահպաններ, հեռացեք։ Գյուղացիներին էլ 10 հազար դրամ տալիս էին հանքերի տերերը։ Անցնում ա տասը տարի, հինգ տարի, էդ նույն գյուղացին, ով որ տասը հազարը վերցրել ա, գալիս ասում ա՝ էկեք փրկեք», - ասաց բնապահպան ակտիվիստ Գոռ Հովհաննիսյանը։

Ընկերության ներկայացուցիչների հանրային քննարկում կազմակերպելու նախաձեռնությունը տապալվեց նաև Վահագնաձոր գյուղում։ Այստեղ նրանք արձանագրություն կազմեցին՝ նշելով, որ հանրային քննարկումները չկայացան «ակտիվիստների միջամտության հետևանքով»։

Գրեցին ու հեռացան Լոռու մարզից՝ խոստանալով, որ կվերադառնան նոր փաստերով ու կհամոզեն տեղի բնակիչներին, թե երկրաբանական ուսումնասիրությունները, անգամ շահագործումը օգուտ է իրենց․ - «Հողի հարկ են ստանալու, պետական մուծումներ ա գնալու իրենց բյուջեն, մարդիկ են աշխատելու, համայնքին ինչ հասնում ա, էդ ծախսերը համայնքի համար կանի»։

Տեղացիները սակայն չէին հավատում․ - «Համայնքին ոչ մի բան էլ չի հասնի, չեն էլ տալու»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG