Մատչելիության հղումներ

Դեբեդավանցիները Ալավերդու գործարանին են մեղադրում իրենց այգիները չորացնելու մեջ


Հայ-վրացական սահմանին գտնվող Դեբեդավան գյուղում բերքահավաք է։ Ինչպես գյուղացիներն են փաստում, նախորդ տարվա համեմատ քիչ է բերքը, պատճառը գյուղի մի մասը սնող Դեբեդ գետի ջուրն է։ Ասում են՝ այգիները սկսել են չորանալ։

«Էդ Ալավերդու գործարանի պատճառով ջուրը թունավորվել ա», - դժգոհում է գյուղի բնակչուհիներից մեկը:

1988-ից սկսած Ղարաբաղից և Բաքվից եկած դեբեդավանցիները հիշում են երբեմնի ծաղկուն գյուղը։

«Սա մի հատ դրախտավայր էր․․․ էն ժամանակ լավ բերքատու ծառեր են եղել։ Խաղողի դաշտ եմ ունեցել՝ չորացավ, կտրտեցինք։ Հիմա ցորեն եմ ցանել, ո՞նց կարամ ես դրանով ապրեմ», - պատմում էր դեբեդավանցիներից մեկը։

Գյուղի մի մասը Դեբեդի ջրով է ոռոգվում՝ ինքնահոս եղանակով։ Հողերի մեծ մասը, սակայն, 90-ականներից հետ անջուր է մնացել, ինչի հետևանքով հիմնականում այգեգործությամբ զբաղվող գյուղի այգիների մեծ մասը չորացել է։

Խմելու ջուր մոտ 250 տնտեսություն ունեցող գյուղում միայն մեկ տեղ կա՝ գյուղամիջի աղբյուրը։ Գյուղացիները դժվարանում են հատկապես ամռան ամիսներին, երբ ստիպված ժամեր շարունակ հերթ կանգնել, որպեսզի տարաներով ջուրը տուն տանեն:

«Սարում ինքնահոս ջուր կա, որ գետնի տակից դուրս ա գալիս, էդ ջուրը քաշեցին և գյուղի մեջ հիմա միակ աղբյուրը, որ կա, սարից ա գալիս», - նշեց գյուղացին։

Բացի ջրից, գյուղում մանկապարտեզ չկա, ճանապարհներն անբարեկարգ են, չունեն հանրային տրանսպորտ։ Ասում են՝ տարիներ շարունակ այս խնդիրները լուծելու մասին խոստումներ են լսել տարբեր պաշտոնյաներից։ Այսօր էլ հավատ չունեն երկրում տեղի ունեցած հեղափոխության հանդեպ։

Խոշորացված Դեբեդավանի վարչական ղեկավար Վանյա Դեմիրչյանի խոսքով մինչդեռ՝ միայն վերջին 2, 3 տարիներին գյուղում սկսել են որոշակի բարեփոխումներ անել։

«Սովետական ժամանակներից այս գյուղում ոչինչ չի արվել, մինչև հիմա էլ չէր արվում, բայց փառք Աստծուն վերջի 2-3 տարին արդեն խմելու գլխավոր ջրատարը կառուցվեց բարերարների միջոցով, հիմա էլ կառավարության հատկացրած գումարով ներքին ցանցն ա կառուցվում», - հավելեց Դեբեդավանի ղեկավարը։

«Գյուղամեջ»֊ի հերթական թողարկումը Դեբեդավանից դիտեք ստորև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG