Ռուսական կողմի ռմբակոծությունից հետո երեկվանից Զապորոժիեի ԱԷԿ-ը կրկին կանգ է առել, վնասվել են ատոմակայանը ուկրաինական էներգահամակարգին կապող վերջին երկու գծերը։
«Այժմ դիզելային գեներատորները ապահովում են ատոմակայանի սեփական կարիքները միայն», - հայտարարել է ուկրաինական «Էներգոատոմ» ընկերությունը:
Ավելին, Կիևում պնդում են, թե ռուսական կողմը փորձում է ատոմակայանը միացնել ռուսական էներգահամակարգին, և որ այժմ կայանի տարածքում՝ օգտագործված միջուկային վառելիքի պահեստավորման վայրում, ռուս զինվորները ինչ֊որ բան են կառուցում:
Ռուսական կողմն իր հերթին հայտարարում է, թե Զապորոժիեի ատոմակայանում ահաբեկչություն էր նախապատրաստվում, որն իրենց հաջողվել է կանխել: Ընդ որում, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ահաբեկչության փորձի մեջ նաև Միացյալ Նահանգներին և Մեծ Բրիտանիային է մեղադրել. - «ԱՄՆ-ի և Անգլիայի հատուկ ծառայությունները հավաքագրում են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անդամներին Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով»։
Մանրամասներ Պատրուշևը չի չհայտնել, փաստեր չի ներկայացրել։
Ռուսաստանը Զապորոժիեի ատոմակայանը գրավել է մարտի 4-ին։ Մինչև օրս Եվրոպայի ամենամեծ կայանը պարբերաբար հայտնվում է գնդակոծությունների թիրախում, որոնց համար Կիևն ու Մոսկվան միմյանց են մեղադրում։ Երկու կողմն էլ հայտարարում են միջուկային աղետի վտանգի մասին։
Ուկրաինական բնակավայրերի ռմբակոծությունը շարունակվում է
Ռուսաստանը այս գիշեր կրկին ռմբակոծել է ուկրաինական բնակավայրերն ու կեսնական նշանակության ենթակառուցվածքները Դնեպրոպետրովսկի, Նիկոլաևի, Զապորոզժիեի և Խարկովի մարզերում։
Գիշերը ռուսական ուժերը S300 կայանքներից երեք հրթիռ են արձակել Խարկովի ուղղությամբ։ Քաղաքում էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ են, ցրտին դիմակայելու համար, ըստ քաղաքապետի, իշխանությունները որոշել են փայտի վառարաններ դնել մետրոյի կայարաններում, նկուղներում, ապաստարաններում և դպրոցներում։
Չնայած եղանակային պայմաններին` ռազմական գործողությունները չեն դադարում։ Հաղորդվում է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Խերսոնի օկուպացված շրջանի Գոլայա Պրիստան բնակավայրի վարչակազմի շենքին։ Խերսոնի օկուպացիոն վարչակազմի ներկայացուցիչ Կիրիլ Ստրեմուսովը կոչ է անում բնակչության թողնել շրջանը՝ պնդելով, թե դա բխում է նրանց անվտանգությունից. - «Ես հիմա Խերսոնում եմ, տեսեք ինչքան մարդ կա։ Ես խնդրում եմ, բարդ որոշում է, բայց փրկեք ձեր կյանքերը»։
Ըստ ուկրաինական կողմի, ռուսները օկուպացված շրջաններից արդեն մոտ 22 հազար մարդ են տարհանել, շատերին` հակառակ իրենց ցանկության:
Ռազմական վերկուծաբանները ենթադրում են, որ ռուսները պատրաստվում են լուրջ մարտերի Խերսոնի համար
Conflict Intelligence Team-ի հիմնադիր Ռուսլան Լևիևի կարծիքով, քաղաքը ռազմավաական նշանակություն ունի, և Մոսկվան ամեն ինչ կանի այն իր վերահսկողության տակ պահելու համար. - «Ամենայն հավանականությամբ Դնեպրի ձախ ափին կտեղակայվեն հրետանային ստորաբաժանումներ և տարբեր կրակակետեր։ Ենթադրում ենք, որ ռուս զինվորականները պատրաստվում են երկար ժամանակ պաշտպանել Խերսոնը։ Է'լ ավելի մոբիլիզացված՝ տարբեր ստորաբաժանումներ են բերվում այնտեղ։ Ըստ ամենայնի, նրանք լուրջ պայքարելու են քաղաքի ու շրջակայքի համար»։
Մինչ այդ ռուսական աղբյուրները հայտնում են, որ Կրեմլը պատրաստվում է մոբիլիզացիայի երկրորդ ալիքը սկսել, ըստ որոշ աղբյուրների, դա կարող է լինել Ամանորից հետո: Պաշտոնական աղբյուրներն այս լուրերը դեռ չեն հաստատել, սակայն Մոսկվայի փողոցներում «Ազատության» հարցման մասնակիցները փաստում են` Պուտինը մեկ անգամ չէ, որ պլաններ է փոխել։ Եվ ընդհանարպես այսօր իրավիճակը այնպիսին չէ, ինչպես Պուտին էր ծրագրում «հատուկ օպերացիան» սկսելիս։
«Հենց ամենասկզբից ամեն ինչ ըստ պլանի չէ, երբ Կիևը երեք օրում չգրավեցին և Կիևում ռազմական շքերթ չկազմակերպեցին, ինչպես պլանավորել էին», - Մոսկվայում «Ազատությանն» ասել է մի երիտասարդ տղամարդ։
«Ինձ չի թվում։ Հաստատ ամեն ինչ ըստ պլանի չէ», - հավելել է նրա համաքաղաքացին։ - «Եթե նրա ծրագիրն էր ավերել Ռուսաստանը, ամեն ինչ ըստ էդ ծրագրի է։ Ես նոր խանութում էին, դարակները դատարկ է։ Շուտով Ռուսաստանում ամեն ինչ կփակվի, մեզ էլ բոլորիս կփակեն։ Միայն Պուտինը կմնա իր բունկերում»։