Մատչելիության հղումներ

«Դեմ չենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների բարելավմանը, բայց պետք է վերապահումներ լինեն». Դավիթ Բաբայան


«Մենք դեմ չենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների զարգացմանը, բարելավմանը, բայց պետք է վերապահումներ լինեն», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում հայտարարեց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

«Ի վերջո պետք է հասկանանք՝ ինչ կարող սպասվել հայոց քաղաքակրթությանը, եթե հանկարծ կործանվի Արցախը, այնուհետև սարսափելի, մահացու վտանգներ մայր Հայաստանի համար, դե եթե մայր Հայաստանն էլ չլինի, էլ ի՞նչ սփյուռք», - հավելեց Բաբայանը:

Պատասխանելով ֆեյսբուքյան օգտատիրոջ հարցին, թե ինչո՞ւ չեն հայտարարում, որ «Հայաստանը ինչ թուղթ էլ ստորագրի, մենք դա չենք ընդունելու», Դավիթ Բաբայանն արձագանքեց. «Ի՞նչ է նշանակում՝ «ինչ էլ որ ստորագրի», կարող է լավ բան է ստորագրում, մենք պետք է ասենք՝ ինչ է Հայաստանը ստորագրում է, մենք դե՞մ ենք: Սա մեկ հայրենիք է, այո, տարբեր պետություններ են, բայց այնքան են իրար հետ կապված, որ Արցախի ճակատագրից կախված է նաև Հայաստանի ճակատագիրը, հայ ժողովրդի, դրա համար մենք ոչ թե ինչ-որ մեկին վերջնագրեր ենք ներկայացնում, ոչ, մենք ասում ենք՝ «ժողովուրդ ջան, էս է, մենք միասնական ենք», հետևաբար պետք է լինի այնպես, որ Արցախի ճակատագիրը չվտանգվի, որովհետև միայն վտանգը չի, ցեղասպանություն է լինելու, դրանից հետո անցնելու են Հայաստանին: Արցախը ծանր բան է, բայց բեռ չէ: Վահան է եղել, իսկ վահանը ծանր պետք է լինի, թղթյա վահան չի լինում: Հիմա տեսնում եք չէ՞, որ Արցախը վիրավորված, այդ վահանը ջարդուխուրդ եղած ինչպիսի վտանգներ է առաջացել մայր Հայաստանի համար»:

Մեկ այլ հարցի էլ՝ «մի կողմից Արցախի կառավարությունը ողջունում է Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու Ռուսաստանի որոշումը, մյուս կողմից՝ դիմում միջազգային հանրությանը, որ ճանաչեն Արցախի անկախությունը չե՞ք կարծում, որ այս հարցում մեղմ ասած սխալ հաշվարկված քաղաքականություն եք վարում», Արցախի ԱԳ նախարարը պատասխանեց. «Ազգային ժողովի այս հայտարարության մեջ նշվել է նաև Կոսովոն: Այսինքն՝ մենք պետք է հնարավորինս օբյեկտիվ լինենք: Խնդիրը նա չէ, որ մենք պետք է գնահատական տանք՝ ով է ճիշտ, ով է սխալ. հիմա արևմտյան աշխարհը չի ընդունում ցանկացած բան, որը կապված է Ռուսաստանի հետ, սա պարզ է, որովհետև իրենց մոտ հարաբերությունները մտել են բավականին թեժ ժամանակաշրջան, Ռուսաստանը և մի շարք այլ երկրներ չեն ընդունում, օրինակ, այն, ինչ տեղի է ունենում արևմտյան բլոկում, նույն Կոսովոյի վերաբերյալ լրիվ իրարամերժ կարծիքներ են»:

Արցախի ԱԳ նախարարն ընդգծեց՝ «պետք է փորձենք ցանկացած ինքնորոշման իրավունք և նրա իրականացման փաստն օգտագործենք, փաստենք, որ այդպես կա, և մենք էլ դրանից ինչ-որ մի օգուտ կարողանանք քաղել»:

«Երկրորդը՝ մենք որևէ մեկին պարտական չենք և ենթական չենք, որ ինչ-որ մեկը մեզ նախատի: 440 օր միայն 2020 թվականին էին մեզ մորթում և ոչ մի ռեակցիա, երեք անգամ պատերազմ է սանձազերծել Ադրբեջանը, 88 թվականից սկսած քանի-քանի ցեղասպանություն է տեղի ունեցել, մենք չենք տեսել հավաքական միջազգային հանրության մոտեցումը, մենք չենք տեսել գոնե այդ աղմուկը, որ Ուկրաինայի շուրջ գնում է: Եվ այդ գործընթացների 0,1 տոկոսը գոնե: Հիմա ի՞նչ է նշանակում՝ մի տեղ պետք է, մի տեղ պետք չէ՞: Ես չեմ ուզում որևէ մեկին մեղադրեմ, բնավ, ես փաստում եմ իրականությունը: Ես դեմ եմ, որ մենք լինենք հակառուսական, հակաամերիկայն, հակաիրանական, հակաֆրանսիական և այն, առավել ևս, որ ունենք սփյուռք և պարտավոր ենք բոլորի հետ նորմալ հարաբերություններ ունենալ», - հավելեց Բաբայանը:

Դիտարկման էլ՝ «Հայաստանն իրավունք ունի որոշելու, որ ինքը բռնում է եվրոպական կուրսը, թող Արցախն էլ ինքնություն որոշի», նախարարն արձագանքեց. «Իրավունք ունի-չունի, սա իհարկե այլ խնդիր է: Խնդիրը նրա մեջ է, որ մենք պետք է տեսնենք, մենք ընդհանրապես ոնց ենք մեզ տեսնում, մենք պետք է հասկանանք, որ աշխարհաքաղաքականությունը դաժան բան է, այնպես չի էլի՝ դու ինչ ուզես ստացվի և բոլորն էլ ծափահարեն: Պետք է հասկանանք, որ մենք ունենք ահռելի ներուժ, եթե կարողանանք ճիշտ, հավասարակշռված աշխարհաքաղաքականություն վարել և բոլոր այլ երկրները»:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների՝ այսօր Բրյուսելում կայանալիք հանդիպմանը, Արցախի արտգործնախարարը նշեց. «Ընդհանրապես մենք կարևորում ենք ցանկացած քայլ, որը կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը: Սա զուտ տեխնիկական գործընթաց է, որը պետք է ընթանա, հիմա կհանդիպեն, կտեսնենք՝ ինչպիսի ընթացք է գնում, ինչպիսի բարդություններ կան: Ընդհանուր մոտեցումն է մեր, քանի որ սա ավելի շուտ տեխնիկական խնդիր է, ցանկացած նման հանդիպում, իհարկե, որը կարող է նպաստել խաղաղությանն ու կայունությանը, ողջունելի է»:

Երեկ Հայաստանի ԱԳՆ-ն էր հայտարարել, որ նոյեմբերի 3-ին Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների երրորդ նիստը:

Փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովները վերջին անգամ հանդիպել են օգոստոսի 30-ին Մոսկվայում, իսկ առաջին հանդիպումը մայիսի 24-ին էր՝ Երասխ բնակավայրի ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի Նախիջևանի սահմանին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG