Մատչելիության հղումներ

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի օրակարգում նաև քաղաքական հարցեր են ընդգրկված


Մայր Աթոռում ընթանում է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, որի օրակարգում նաև քաղաքական՝ Հայաստանի ու Արցախի անվտանգությանը վերաբերող հարցեր կան։

Բարձրաստիճան հոգևորականների քննարկումներն ընթանում են փակ դռների ետևում։ Որպես ատենապետ ժողովին մասնակցում է նաև Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, ով «Ազատության» հետ զրույցում անկեղծացավ՝ փակագծեր բացելու իրավասություն չունի, բայց ընդգծեց, որ եկեղեցին կարող է համախմբել ու հուսադրել. - «Երկրի անվտանգությունը, ժողովրդի համերաշխությունը, խաղաղությունը հարկավ թե կապված է երկրի միության, սիրո, հոգևոր տոկունության, և եկեղեցին այդ առումով իր բաժինը կբերե։ Բայց հարցը այնքան ծավալուն է, որ միայն մեկ անձը, մեկ հաստատությունը լուծում չի կրնար բերել, միայն իրենց մասնակցությունը կրնան բերել այս խնդիրներուն։ Եվ եկեղեցվո մասնակցությունը մեր ժողովրդի հոգևոր տոկունությունը ավելցնելն է»։

Սահակ արքեպիսկոպոս Մաշալյան
Սահակ արքեպիսկոպոս Մաշալյան

«Խաղաղությունից դեռ ոչ ոք չի տուժել», - անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին ու խաղաղության օրակարգին՝ ամփոփեց պատրիարքը՝ ընգծելով, որ, ցավոք, խաղաղության պայմանները տեսանելի չեն. - «Մենք հույս ունինք, կաղոթենք, բայց ասիկա դիվանագետներու դաշտն է, որ լավ ուսումնասիրեն։ Հեռուեն մենք կնայինք ու կըսենք, որ խաղաղությունեն ոչ մեկ մարդ չի կորցնցուներ։ Բայց պայմանները ինչ պետք է ըլլա այդ խաղաղության, ինչպես պիտի զարգանա, գործոնները ինչ են... ասոնց հեռուեն շատ հստակ տեսնվող բաներ չեն։ Հետևաբար, մենք կրնանք ընդհանուր բարեմաղթանքներ ուղղել այս հարցով և ըսել, որ մենք խաղաղության դույզն նույնիսկ ջանքերուն կողմնակից ենք և աղոթող ենք»։

Հայաստանի և Ադրբեջանի միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորության մասին հերթական անգամ շեշտվել էր 2 օր առաջ Սոչիում կայացած Փաշինյան - Պուտին - Ալիև բանակցությունների ընթացքում, որից հետո հրապարակված հայտարարության մեջ ընգծվել էր Ռուսաստանի օժանդակությամբ նաև կրոնական առաջնորդների միջև երկխոսության շարունակությունը։ Պատերազմից հետո Հայաստանի ու Ադրբեջանի կրոնական առաջնորդները մեկ անգամ են հանդիպել՝ անցած տարի Մոսկվայում։

Գևորգ Դանիելյան
Գևորգ Դանիելյան

Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամ, Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը երեկ Մայր Աթոռի տարածած տեսանյութում մտահոգիչ էր համարել անվտանգության շուրջ Հայաստանում միասնական մոտեցման բացակայությունը, կարծիք էր հայտնել, որ հոգևոր առաջնորդների հնարավոր հանդիպումից առաջ պետք է հստակեցնել հայկական կողմի հայեցակարգը. - «Մենք ինչ ենք ուզում, ինչպես կարող ենք դրան հասնել, և եթե այնուամենայնիվ տեղի ունենան զարգացումներ, այս կամ այն տարբերակը ստորագրվի, այս կամ այն պայմանագիրը ստորագրվի, ինչպիսին պետք է լինի մեր դիրքորոշումը։ Քանի որ ի տարբերություն քաղաքական իշխանությունների՝ եկեղեցին շատ ավելի իմպերատիվ է այս հարցերում, բարձրացնում է բոլոր հարցերը, որևէ վերապահում չունի՝ և' տարածքային, և' Արցախի անվտանգության, և' Արցախի ինքնորոշման, և', բնականաբար, ռազմագերիների»։

Սեպտեմբերին Ամենայն Հայոց Կաթողիկոսն էր Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներին Մայր Աթոռ հրավիրել՝ քննարկելու Հայաստանում ստեղծված ծայրահեղ ծանր դրությունը։ Նախաձեռնությունը, սակայն, տապալվեց, նախկին նախագահները տեսակետները չհամընկան։

Այսօր Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Եսայի քահանա Արթենյանը «Ազատության» հետ զրույցում չբացառեց նոր հանդիպումների հնարավորությունը՝ ժամկետներ չհայտնելով։

Տեր Եսային փակագծեր չի բացում նաև այս օրերին ընթացող հոգևոր խորհրդի ժողովներից։ Քչախոս են նաև հանդիպման մասնակիցները։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը «Ազատությանը» միայն փոխանցեց, որ քննարկվում է ոչ միայն միասնական ջանքերով դժվարին իրավիճակից դուրս գալու հարցը, այլ նաև նոր հորիզոններ գտնելու հնարավորությունը. - «Մենք միայն պարզ իրավիճակի լուծումի մասին չպիտի մտածենք, այլ նաև ընդհանրապես մեր ճանապարհի մասին, մեր նպատակների մասին»։

Գերագույն հոգևոր խորհուրդը հինգ ամիս առաջ ևս մեկ ժողով էր գումարել ու հայտարարել, որ խաղաղությունը չի կարող հաստատվել ազգային արժանապատվության նվաստացման հաշվին, հայրենի պետության տարածքային ամբողջականության հանդեպ չդադարող ոտնձգությունների, ռազմագերիների առկայության, Ադրբեջանի շարունակական սպառնալիքների և հայատյացության քարոզչության պայմաններում։

Հոգևորականների այս ժողովը կավարտվի շաբաթվավերջին և, ըստ Մայր Աթոռի, միայն այդ ժամանակ հաղորդագրությամբ կներկայացվեն քաղաքական օրակարգով այս հանդիպումների մանրամասները։

XS
SM
MD
LG