Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը այսօր կայացած հանդիպման կարևորել են ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում և անդրադարձել առաքելության գործունեությանը։
Հանդիպմանը, ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության, զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության խնդիրների, մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի շուրջ։
Միրզոյանը և Կլաարը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափկման, ինչպես նաև սահմանային անվտանգության և սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի վերաբերյալ:
«Արարատ Միրզոյանը վերահաստատել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ վերջին ագրեսիայի հետևանքների վերացման, մասնավորապես` ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման անհրաժեշտությունը», - ասված է հաղորդագրությունում:
Հայաստան քաղաքացիական առաքելություն ուղարկելու մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Պրահայում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարների՝ ժամեր շարունակված բանակցությունների արդյունքում։ Բաքուն, որ մինչ այդ մերժել էր Հայաստանի հետ սահմանին զինված ուժեր տեղակայելու Եվրամիության առաջարկը, անզեն առաքելության դեպքում չէր ընդդիմացել, միաժամանակ ընդգծել էր, որ կհամագործակցի «այնքանով, որքանով որ առնչություն կունենա»: