Մատչելիության հղումներ

Խաղողագործներն ասում են՝ եթե ոչինչ չփոխվի ստիպված կլինեն քանդել խաղողի այգիները


Մինչ կառավարությունից հայտարարում են, թե խաղողի մթերման խնդիրն արդեն հիմնականում կարգավորված է, իրենք՝ խաղողագործները ինքնարժեքից էլ ցածր գնով բերքի վաճառքը լուծում անվանելը ծիծաղելի են համարում։ Ասում են՝ հանձնեցին մեկ կիլոգրամը 100 դրամով, այնինչ մշակելու համար ավելի շատ են ծախսել:

«Ստիպված, եթե էդ էլ չհանձնեինք..., հիմա գոնե էդ 100 դրամը հետ բերինք, էն 5-10 դրամն էլ պիտի ստիպված բանկերից խնդրենք, տոկոս վերցնենք, իմ տարիքին էլ տոկոս չեն տալիս, հիմա հողի, ջրի հարկը ոնց պիտի մուծենք, չգիտենք», - ասաց խաղողագործներից մեկը:

Արմավիրի մարզի ավելի քան 3000 բնակիչ ունեցող Բամբակաշատում խաղողի այգիներ ունեն գրեթե բոլորը։ Գյուղացիներն ամբողջ տարի գումար են ծախսում, մշակում ու փայփայում այգիները՝ աշնանը եկամուտ ստանալու հույսով։ Հիմա Բամբակաշատում և մերձակա մյուս գյուղերում բոլորն են հիասթափված։ Խաղողը վազերին էր մնացել, գործարանները չէին մթերում կամ շատ ցածր գին էին առաջարկում։ Նախորդ մեկ ամսվա ընթացքում դռնեդուռ ընկած 70-ամյա Մարտուն Բաբայանը շատերի նման այժմ մտածում է խաղողագործությունից հրաժարվելու մասին, քանի որ չգիտի՝ հաջորդ տարի ինչ կլինի, միգուցե էլ ավելի վատ դրության մեջ հայտնվեն, իսկ պետության առաջարկները խելամիտ չի համարում:

«Բոլորն էլ հիասթափված են, մենք խաղողագործներով հանդիպում ենք իրար, շատերը կան 200 տոննա ունեն, 300 տոնն ա խաղող ունեն, չգիտեն ինչ անեն, ստիպված պիտի քանդենք խաղողի այգիները», - նշեց Բաբայանը:

Ի վերջո ի՞նչ անեն գյուղացիները. ոլորտի պատասխանատու էկոնոմիկայի նախարարը շաբաթներ առաջ լուծման իր տարբերակն էր առաջարկել. «Եթե ընտանիքում կա 4 չափահաս մարդ, ովքեր աշխատում են, իրենք պետք է հասկանան, որ իրենց տված արդյունքը պետք է լինի մեծ, եթե այդ արդյունքը փոքր է ստացվում իրենց ունեցած հողակտորի վրա, իրենք պետք է գնան ուրիշ աշխատանք անեն, կամ մեծացնեն իրենց հողատարածքը», - նշել է նախարարը:

70-ամյա խաղողագործը չի հանդարտվում, Վահան Քերոբյանի այս հայտարարությունից բարկությունը չի մարում։ Ասում է՝ հարց չկա, կհետևի նախարարի հորդորին, բայց մի պայմանով. «Գյուղացուն ասում ես՝ բորդյուր շարեք, դու էլ արի հետս ցեխ շաղի, տղա ջան»:

Դեռ գարնանը՝ ռուս-ուկրաինական պատերազմի առաջին շաբաթներին էր ակնհայտ՝ խաղողի մթերման խնդիրներ են առաջանալու։ Հայաստանից Ռուսաստան և Ուկրաինա արտահանվող ապրանքների ցանկում զգալի մաս են կազմում հենց ալկոհոլային խմիչքները։ Արտահանվում է Հայաստանում արտադրված խմիչքների մոտ 80 տոկոսը, ընդ որում՝ ամենամեծ շուկան արևմտյան խիստ պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանն է։ Խաղողագործները պնդում են՝ եթե կառավարությունից գնային իրենց հետ հանդիպելու, խորհուրդներ տային ու բացատրեին, թե ինչ անեն այս բարդ ժամանակաշրջանում, այս խնդիրը միգուցե չծագեր։

Գործադիրից այս մեղադրանքները չեն ընդունում, շեշտում են՝ Հանրապետությունում տասնյակ հազարավոր խաղողագործներ կան՝ բոլորին հանդիպել հնարավոր չէ: Էկոնոմիկայի նախարարության ագրովերամշակման վարչության պետ Գևորգ Ղազարյանի խոսքով՝ պետությունը այս խնդիրներից խուսափելու համար հետևյալ մեխանիզմն է կիրառում. կառավարությունն աջակցում է վերամշակողներին, խթանում է արտահանումը, որպեսզի խաղողի նկատմամբ ներքին պահանջարկը մեծանա։

Պաշտոնյան ընդունում է՝ վերջին տարիներին այս խնդիրը չեն կարողացել լուծել աշխարհում ստեղծված իրավիճակի պատճառով։ Սկզբում քովիդն էր, հիմա էլ ռուս-ուկրաինական պատերազմը, դրամի նկատմամբ էժանացած դոլարը և այլն։ Գևորգ Ղազարյանն ասում է՝ այժմ իրենք գյուղացիներին հորդորում են փոխել իրենց այգիների տեսակները, պետությունը խրախուսում է գինու համար օգտագործվող խաղողի մշակումը, իսկ այս տարվա մթերման խնդիրը հիմնականում կոնյակի սպիրտի համար կիրառվող խաղողի սորտերի հետ էր պայմանավորված:

«Եթե մեզ հաջողվի մինչև հաջորդ տարվա մթերումների սեզոնը այն քանակով սպիրտի իրացում անենք, որ նոր մթերման համար խաղողի պահանջարկ ստեղծենք, այդ պարագայում մենք եկող տարի արդեն կունենանք խաղողի պահանջարկի ավելացում, որը կբերի նաև գների բարձրացում», - նշեց նա:

Գյուղացիների կարծիքով՝ պատճառներից մեկը նաև արտերկրից սպիրտի ներկրումն է, ասում են՝ դա գործարանների վրա ավելի էժան է նստում։ Կառավարությունից, սակայն պնդում են՝ մթերման խնդիրը սրա հետ որևէ կապ չունի։ Ու մինչ գործադիրից պարզաբանումներ են տալիս, գյուղացիներն կամուկացի մեջ են, ասում են՝ «եթե»-ներով տուն պահել չեն կարող, թե ոչինչ չփոխվի՝ ստիպված կլինեն քանդել այգիները ու զրոյից սկսել։

XS
SM
MD
LG