Մատչելիության հղումներ

«Կա՛մ բերքը չեն ընդունում, կա՛մ ցածր գին են առաջարկում»․ խաղողագործները վարչապետի հետ հանդիպում են պահանջում


Երեկ երեկոյան Արարատի մարզում խաղողագործները կրկին բողոքի ակցիա էին իրականացնում, նշելով՝ խաղող մթերող ընկերությունները կա՛մ չեն ընդունում բերքը, կա՛մ չափազանց ցածր գին են առաջարկվում։

«Ինչի՞ վարչապետը չի գալիս մեր հետ հանդիպման, էդքան զբաղվա՞ծ ա։ Նախարարն եկավ, ի՞նչ ասաց, ոչ մի բան», - «Ազատության» հետ զրույցում բողոքեցին խաղողագործները։

«Ինչպե՞ս է ստացվում, որ ամեն անգամ խոսք է տրվում, որ խնդիրները կլուծվեն, բայց հերթական անգամ, երբ սեզոնային շրջան է լինում, խաղողագործները կրկին հայտնվում են նույն կոտրած տաշտակի առջև», - երեկ Ազգային ժողովում, կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, հարց ուղղվեց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին։

Պապիկյանը տեղեկացրեց, որ խաղողի գնի շուրջ խորհրդակցություն է ունեցել մթերող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեխնիկական սորտի խաղողի ընդունման գինը՝ 130 դրամ։ Սա մեր ընդհանուր հայտարարի եկած գինն է, որի մասին մթերող գործարանները պարտավոր են հայտարարություն կատարել», - ասաց փոխվարչապետը։

Խաղողագործները, սակայն, համաձայն չեն այս պայմանին։ Ասում են՝ ինչո՞ւ է առանց իրենց հետ քննարկման նման որոշում կայացվել։

«17 տոննա խաղող ունեմ ես էս պահին։ Սա իմ ամբողջ տարվա ապրուստն է, իմ էրեխու ապրուստն է, ես չեմ կարողանում հանձնել։ 130-ին ես համաձայն չեմ։ Այգեվանի գործարան հանձնողի արյունը կարմի՞ր է, իմը՝ սպիտա՞կ է, ինքը տանի՝ 155-ով, ես՝ 130-ո՞վ, լավ, ասենք 130-ով, բայց որտե՞ղ հանձնեմ, տեղ ասեք», - ասաց խաղողագործներից մեկը։

Մեկ այլ զրուցակից էլ հավելեց․ - «էսօր դրին 130, վաղը 130 չի լինելու, լինելու է 120, 110, 80։ Հենց եղավ 80, գործարանն էնքան տեղ կունենա՝ 10 հազար, 20 հազար տոննաներով, իսկ հիմա ասում է՝ «տեղ չունեմ»։ Էս հարցն ո՞վ պետք է լուծի։ Հետո ասում են՝ «իշխանությունը ժողովրդինն է», բա եկեղ ժողովրդին հարցրեց ու որոշեք․ խաղողը ես եմ մշակողը, ես եմ փող դնողը, ինքնարժեքը ես գիտեմ, 120 դրամ ինքնարժեքն ա, 10 դրամի համա՞ր եմ աշխատում, 20 տոննայի մեջ 200 հազա՞ր, կարաք ապրենք էդ 200 հազարով»։

Երեկ երեկոյան պատասխանատու գերատեսչությունների պաշտոնյաներից այդպես էլ որևէ մեկը չհանդիպեց խաղողագործների հետ։ Վերջիններս որպես բողոքի նշան՝ փորձեցին մի քանի րոպեով ճանապարհ փակել։

XS
SM
MD
LG