Մատչելիության հղումներ

Խաղողագործները կրկին փաստի առաջ են կանգնել. բերքը վաճառել չի ստացվում


Հիասթափություն ու անորոշություն. խաղողն այս տարի գուցե այդպես էլ թփերին մնա։ Խաղողագործները կրկին փաստի առաջ են կանգնել՝ չեն կարողանում բերքը վաճառել, եթե անգամ ստացվում է՝ մթերման գինն է շատ ցածր։

Խաղող աճեցնելու ծախսերը, սակայն, զուգահեռ ավելանում են։ Գյուղացիները բողոքի ցույցեր, ակցիաներ են կազմակերպում, բայց ասում են, սայլը տեղից չի շարժվում։

«Հավողը դարձավ անպատվաբեր բերք, իսկ էդ հրա՛շք ա, հրա՛շք, հավողից ամեն ինչ են ստանում, ես դրանով տուն էլ եմ առել, ավտոներ էլ եմ առել, բայց էսօր դարձավ հեչ բան», - զայրանում է Արմավիրի մարզի Առատաշեն գյուղից Մուշեղ Մելքոնյանը։

Մելքոնյանի այգին այս տարի շուրջ 30 տոննա բերք է տվել։ Գործարաններից մեկի մոտ երկար հերթերում կանգնած բեռնատարներից մեկն իրենն է.- «Մթերումը սաղիս ուրախությունն է, լավ մթերեն, նորմալ գին տան, ժամանակին տան, մարդիկ իրանց դարդին դարման անեն»։

Նեղսրտում է՝ շատերն արդեն հիասթափվել, քանդել են այգիները, իսկ դա իրենց կյանքի գործն է։

Հայաստանցի խաղողագործները հիմնական եկամուտը ստանում են բերքը գործարաններին վաճառելուց։ Գյուղատնտեսական տարվա ընթացքում նրանք մեծ գումարներ են ծախսում՝ այն հաշվարկով, որ աշնանը դրա դիմաց բավարար գումար կստանան։ Բայց գալիս է սեպտեմբերն ու փաստի առաջ են կանգնում:

«Անկում ես էթում, որովհետև կոմունալը, ամեն ինչը, սաղ թանկ են, պիտի մեզ տան, որ կարենաս բանվորի հարցը, բուժումը, դեղորայք է, լուծես, եթե չտան»,- դժգոհում է երկարամյա խաղողագործը։

Խաղողագործները դեռ կես տարի առաջ էին կանխատեսել իրենց գլխի գալիքը։ Ռուս-ուկրաինական պատերազմի առաջին շաբաթներին կառավարությունն էլ չէր թաքցնում՝ մթերման սեզոնին խնդիրներ են ծագելու։

Հայաստանից Ռուսաստան և Ուկրաինա արտահանվող ապրանքների ցանկում զգալի մաս են կազմում հենց ալկոհոլային խմիչքները։ Արտահանվում է Հայաստանում արտահանված խմիչքների մոտ 80 տոկոսը, ընդ որում՝ ամենամեծ շուկան արևմտյան խիստ պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանն է։ Դեռ մարտից էր ակնհայտ, որ խաղողագործների համար բարդ տարի է լինելու։ Ոլորտի պատասխանատու էկոնոմիկայի նախարարը այն ժամանակ հայտարարում էր՝ տնտեսվարողներին աջակցելու համար քայլեր են նախաձեռնել։

Խաղողագործները դժգոհում են՝ մթերման խնդիրը չի լուծվել, ուրեմն այդ քայլերը կամ չեն կատարվել, կամ էլ դրանք արդյունավետ չեն եղել։

«Անորոշ սպասում ենք, բերքը մնում է», - դժգոհեց մեկ այլ խաղողագործ։

Իրավիճակը մեղմելու համար կառավարությունը նախօրեին որոշեց բարելավել բերքի ընդունման համար ընկերություններին տրամադրվող վարկերի արտոնյալ պայմանները, որպեսզի նրանք կարողանան ավելի շատ խաղող մթերել գյուղացիներից, իսկ մթերման գների նվազումը կառավարությունը պայմանավորում է դոլարի փոխարժեքի անկմամբ։

Արյդո՞ք գործադիրի որոշումը կմեղմի դրությունը. կոնյակ արտադրող խոշոր ընկերություններից մեկի ներկայացուցիչը, որը չցանկացավ ներկայանալ, ասաց, որ այս քայլը կարող է նպաստել մթերումների ծավալի ավելացմանը։ Բայց և նկատեց՝ իրենք իրենց նախապես ծրագրված մթերումներն են կատարում ու հիմա ավելին ընդունել չեն կարող։ Բերքն այս տարի ավելի շատ է քան պահանջարկը, ասում է ընկերության ներկայացուցիչը։

«Ում հետ աշխատում ենք, նրանցը վերցնում ենք։ Եթե, օրինակ, ունենայինք նոր ռեզերվուարները, կկարողանայինք վերցնել, որ մարդկանց օգնեինք, բայց սպառված են, տեղ չկա։ Մենք էլ շատ լավ հասկանում ենք, որ գյուղացին ամբողջ տարին աշխատում է, որպեսզի էս բերքը ստեղի ու հիմա խնդրի առաջ է կանգնել», - ասաց գործարարը։

Գործադիրի հաշվարկներով՝ Հայաստանում այժմ շուրջ 30 հազար տոննա խաղողի մթերման խնդիր կա։ «Ազատության» հարցմանն ի պատասխան Էկոնոմիկայի նախարարությունից չեն թաքցնում՝ համատարած գնաճի ֆոնին ավելացել է խաղող մշակելու ինքնարժեքը, քաղաքացիների դժգոհությունն, ըստ էության, արդարացի համարելով։

Սակայն չկա հարցի պատասխանը, թե ինչու նախօրոք այս իրավիճակը կանխող քայլեր չեն արել։ Պնդում են՝ իրադրությունը մեղմելու համար քայլեր են ձեռնարկում, մինչ այդ գյուղացիներն ահազանգում են՝ ամենաշատը մի քանի շաբաթ ժամանակ ունեն, հետո իրենց քրտինքով աճեցրած խաղողը ոչ գինու, ոչ կոնյակի համար պիտանի չի լինի՝ բերքը ջուրը կգնա...

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG