Բրիտանացի գրող Սալման Ռուշդիի գրական գործակալը հայտարարել է, որ Նյու Յորքում գրողի վրա հարձակումից հետո վերջինիս մի աչքը կուրացել է և մի ձեռքը չի աշխատում:
Օգոստոսի 12-ի երեկոյան Նյու Յորքում դասախոսությունից առաջ Ռուշդիի վրա դանակով հարձակում է տեղի ունեցել, գրողը մոտ 15 հարված է ստացել կրծքավանդակին, մարմնին և վզին, վնասվել են նաև դաստակի մկաններն ու նյարդերը:
Իրանի արտգործնախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ հարձակման համար մեղավոր է հենց գրողն ու իր աջակիցները:
Սալման Ռուշդին մահվան սպառնալիքի տակ է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Խոմեյնիի արձակած ֆեթվի պատճառով:
1988 թվականին «Սատանայական բանաստեղծություններ» վեպի հրատարակումից հետո Իրանի հոգևոր առաջնորդը Ռուշդիին մահվան է դատապարտել Մուհամեդ մարգարեի կերպարը անարգելու համար և կոչ արել բոլոր մահմեդականներին ի կատար ածել այդ վճիռը: