Ուրբաթ օրը Միացյալ Նահանգներում հարձակման ենթարկված բրիտանացի աշխարհահռչակ գրող Սալման Ռուշդիին անջատել են արհեստական շնչառության սարքից, և նա կարողանում է խոսել։
Այն, որ գրողը գիտակցության է եկել և խոսում է, կիրակի առավոտյան հայտնել է Ռուշդիի գրական գործակալ Էնդրյու Վայլին։ Ավելի վաղ նա ասել էր, որ հավանական է, որ [հարձակման հետևանքով] Սալմանը կորցնի աչքը, վնասվել են նրա ձեռքի նյարդային հանգույցները։ Ռուշդին նաև դանակի հարված է ստացել լյարդի շրջանում:
Սալման Ռուշդիի դեմ հարձակումը տեղի էր ունեցել Նյու Յորքի նահանգի Չատաքուա քաղաքում, որտեղ անվանի գրողը հանդես էր գալիս դասախոսությամբ։ Հարձակման հեղինակը վնասազերծվել է դեպքի վայրում գտնվող ոստիկանների կողմից։ Ամերիկյան իշխանությունները հաղորդում են, որ արդեն իսկ կարողացել են պարզել հարձակվողի ինքնությունը, նա Նյու Ջերսի նահանգի բնակիչ, 24-ամյա Հադի Մատառն է։
Հարձակման մեջ կասկածվող Մատառը նախօրեին ներկայացել է դատարան, նա չի ընդունել իր մեղքը գրողի դեմ մահափորձի մեջ։