Մատչելիության հղումներ

Եվրոպական եռյակը ՄԱԿ-ին կոչ է անում քննել ռուսների կողմից Ուկրաինայում իրանական ԱԹՍ-ներ կիրառելու հարցը


Shahed 136 իրանական անօդաչուների արձակման կայանքը, արխիվ
Shahed 136 իրանական անօդաչուների արձակման կայանքը, արխիվ

Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան երեկ ՄԱԿ-ին կոչ են արել քննել Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրանական արտադրության անօդաչուներ կիրառելու հարցը:

Եթե այդ հանգամանքն ապացուցվի, դա կհամարվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սահմանած բանաձևի խախտում: Խոսքը թիվ 2231 բանաձևի մասին է, որն Անվտանգության խորհուրդն ընդունել է 2015 թվականի միջուկային ծրագրին հավանություն տալու համար:

«Հիմնովին փաստագրված է, որ ռուսական ուժերն Ուկրաինայում օգտագործել են իրանական անօդաչուներ քաղաքացիական ենթակառուցվածքներն անխտիր ռմբակոծելու համար։ Մենք և մեր գերմանացի ու բրիտանացի գործընկերներն այդ մասին նամակ ենք կազմել: Նախօրեին Եվրամիությունն է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ: Ֆրանսիան սատարում է այդ հարցը հետաքննելու ՄԱԿ-ի քարտուղարությանն ուղղված Ուկրաինայի պահանջը»,- հայտարարել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա դե Ռիվյերը:

Թեհրանը պնդում է, որ անօդաչուներ կամ որևէ այլ սպառազեն Ուկրաինայի դեմ պատերազմող Ռուսաստանին երբևէ չի փոխանցել:

Առայժմ հայտնի չէ, թե ինչ գործնական ազդեցություն կարող է ունենալ նման քննությունը, քանի որ Ռուսաստանը, որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կարող է կիրառել վետոյի իրավուքը և կանխել հնարավոր հետևանքները:

Կա իրավական մեկ այլ մեխանիզմ, ըստ որի 2015 թվականի միջուկային գործարքի մասնակից երկրներից մեկը կարող է «հետ կանչել» իր համաձայնությունը, հայտարարելով, որ Իրանը խախտել է գործարքի դրույթները:

Այդ դեպքում Անվտանգության խորհուրդը պարտավորված կլինի 30 օրում քվեարկության դնել պատժամիջոցները վերականգնելու հարցը, և եթե դա տեղի չունենա, ապա մինչև միջուկային գործարքի կնքումն ընդունված բոլոր պատժամիջոցները մեխանիկորեն կվերականգնվեն և կմտնեն ուժի մեջ:

Այդ պատժամիջոցներով ՄԱԿ-ը կպահանջի Իրանից ամբողջությամբ դադարեցնել ուրանի հարստացման ծրագիրը և դրա հետ կապված հետազոտությունները: Կսահմանվի Իրան միջուկային և հրթիռային տեխնոլոգիաների հետ առնչություն ունեցող որևէ նյութի կամ տեխնոլոգիայի փոխանցման արգելք: Կսահմանվի նաև սովորական սպառազենի փոխանցման արգելք:

Երկրներից կպահանջվի ստուգման ենթարկել Իրանից և դեպի Իրան բեռնափոխադրումները և կալանք դնել արգելված արտադրանքի վրա:

Կվերականգնվեն պատժամիջոցներն իրանցի տասնյակ պաշտոնյաների և ընկերությունների նկատմամբ: «Հետ կանչի» մեխանիզմը նաև անհնարին կդարձնի 2015 թվականի միջուկային գործարքի վերականգնմանն ուղղված բանակցային գործընթացը:

Ռուսաստանը պնդում է, որ Ուկրաինայում կիրառում է միայն հայրենական արտադրության սպառազեն, այդ թվում՝ «Գերան-2» տեսակի անօդաչուներ, սակայն մասնագետների համոզմամբ, դրա անվան տակ ռուսները Shahed 136-ներ են օգտագործում:

XS
SM
MD
LG