Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաստիացնում է, որ իր երկիրը ռազմական գործողություններում ներգրավվելու պլաններ չունի։
«Ուշադրություն մի դարձրեք այդ աղմուկին։ Մենք այսօր չենք պատրաստվում որևէ տեղ գնալ։ Այսօրվա դրությամբ՝ ոչ մի պատերազմ։ Մեզ դա պետք չէ», - Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում "БелТА" պետական գործակալությունը։
«Հանդարտվել է պետք։ Յուրաքանչյուրը պետք է իր գործն անի, եթե մենք ուզում ենք, որպեսզի պատերազմ չլինի», - բելառուսական ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքներին ծանոթանալուց հետո Բրեստի շրջանի Օբուզ-Լեսնովսկի ռազմավարժական հրապարակում հայտարարել է Բելառուսի նախագահը:
Անցած օրերին Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մոսկվան և Մինսկը պայմանավորվել են համատեղ զորք տեղակայել երկրի տարածքում։ Բելառուսի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ միացյալ զորախմբի կազմում կլինի մոտ 9 հազար ռուսաստանցի զինծառայող, Ռուսաստանից Բելառուս կուղարկվի մոտ 170 հրասայլ, 200 զրահամեքենա և մինչև 100 թնդանոթ ու ականանետ: