Մատչելիության հղումներ

«ԿԸՀ նախագահի պաշտոնը անձնական շահ չէ, պատասխանատվություն է». իշխանական պատգամավոր


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորընտիր նախագահ Վահագն Հովակիմյան
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորընտիր նախագահ Վահագն Հովակիմյան

Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները Սահմանադրական դատարանում կվիճարկեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։

«Մենք որոշեցինք, որ [ԿԸՀ] նախագահի ընտրության հակասահմանադրական բարքերը պետք է վիճարկել հենց Սահմանադրական դատարանում», - փոխանցեց «Պատիվ ունեմ խմբակցության» պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ընտրվեց երկու շաբաթ առաջ՝ միայն թիմակիցների ձայներով։

«Շահերի բախում կա», - պնդում է Թագուհի Թովմասյանը։ - «Նախ, ակնհայտորեն կա շահերի բախում՝ ինքը իրեն քվեարկել է, իսկ դրա իրավունքը նա չուներ։ Որովհետև չէր կարող պատգամավոր Հովակիմյանը քվեարկեր թեկնածու Հովակիմյանի օգտին, որ անկախ մարմնի ղեկավար դառնա։ Սա առաջին փաստարկն է, որի վրա իրավաբանները աշխատում են, և դա կլինի հիմքերից մեկը»։

Օրենքով շահերի բախում է, երբ պատգամավորը օրենսդրական նախագիծ, հայտարարություն, որոշում է ներկայացնում, քվերակության մասնակցում, որով նպաստում է իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով։ Իսկ քվերակելիս պետք է նախապես հայտարարի շահերի բախման մասին, որից հետո քվեարկությունից նրա բացակայությունը կհամարվի հարգելի։ Բայց Հովակիմյանը այս օրենքով նախատեսված որեւէ հայտարարություն չի արել։

Թագուհի Թովմասյան
Թագուհի Թովմասյան

«Առաջին անգամ կուսակցականը դառնում է անկախ մարմնի ղեկավար։ Սա անթույլատրելի է, որովհետև սա միակ մարմինն է, որը պետք է ապահովի բազմակուսակցականությունը, պետք է ապահովի ընտրությունների օրինականությունը, պետք է ապահովի ընդհանրապես Հայաստանում ժողովրդավարության շարունակական զարգացումը», - ասաց Թովմասյանը։

«Ի՞նչ շահերի բախման մասին է խոսքը», - ընդդիմադիրներին հակադարձում է պետաիրավական հանձնաժողովի անդամ Վիգեն Խաչատրյանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի բարձր պաշտոնը շահ չէ, այլ պատասխանատվություն, և այս դեպքում, Խաչատրյանի խոսքով, այդ օրենքը չի գործում. - «Պաշտոնը դա հաճույք չի, դա պատասխանատվություն ա, դա շահ չի, դա սպասարկում ա։ Մեր մոտ էդ մտայնությունը, որ պաշտոնը լավ բան ա, դեռ երևի երկար ա ոմանց մոտ մնալու, որ դիտարկվում ա որպես անձնական շահ։ Պաշտոնի մեջ անձնական շահ չի կարա լինի»։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ընտրելու համար նվազագույնը 65 ձայն է հարկավոր։ Վահագն Հովակիմյանի ճակատագրի համար որոշիչ նշանակություն է ունեցել իր քվեն։ Այդպիսով ապահովվել է նվազագույն 65-ը։

Վիգեն Խաչատրյան
Վիգեն Խաչատրյան

Իշխանական պատգամավոր Խաչատրյանի համար նորմալ է այս քվերակությունը, քանի որ Հովակիմյանը այդ քվեով ամբողջական է դարձրել պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությունը. - «Ի՞նչ ա նշանակում ինքն ասի համաձայն եմ ու չքվեարկի... դուք էդ տեսանկյունից մտածեք»։

Հովակիմյանը երկար տարիներ աշխատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթում, ապա երբ Փաշինյանը պատգամավոր է ընտրվել, եղել է նրա օգնականը, այնուհետև՝ Փաշինյանի առաջնորդած «Ելք» խմբակցության փորձագետ։ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո իշխող խմբակցության պատգամավոր է դարձել։ Նաև իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամներից է։

Անկախ մարմնի ղեկավարի պաշտոնում Փաշինյանի թիմակցի առաջադրվելը դատապարտեցին նաև հասարակական կազմակերպությունները. - «Կուսակցական կարկառուն ներկայացուցչի առաջադրումն իշխող քաղաքական ուժի կողմից ինքնին ստվերում է ժողովրդավարական առաջընթացը, կասկածի տակ է դնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անկախությունը և քաղաքական չեզոքությունը՝ անկախ կուսակցական տոմսը վայր դնելու ձևական արարողությունից և չեզոքության մասին հայտարարություններից»։

Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների ձայները բավարար են բարձր դատարան դիմելու համար։ Ստորագրավաքը կսկսեն դիմումն ավարտելուց հետո։

XS
SM
MD
LG