Երիտասարդ հղի կնոջը վարչապետի ավտոշարասյանն ուղեկցող մեքենայով վրաերթի ենթարկած ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանն ազատ է արձակվել: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ «Ազատությանն» այս մասին տեղեկացեց վարույթն իրականացնող մարմնի՝ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակը։
Ավելի վաղ վարչապետի ավտոշարասյանն ուղեկցած ոստիկանական մեքենայի ղեկին եղած սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանին մեղադրանք է առաջադրվել՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, որը հանգեցրել է մարդու մահվան։
Ապրիլի 26 -ի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան առաջին մեքենան Լեո - Պարոնյան խաչմերուկին վրաերթի էր ենթարկել 28-ամյա հղի կնոջը, նա տեղում մահացել էր։
Թե՛ ոստիկանական այդ մեքենան, թե՛ նրան հաջորդող վարչապետի ավտոշարասյունը դեպքից հետո շարունակել էր ճանապարհը։
Նավասարդյանի փաստաբան Ռուբեն Բալոյանն «Ազատությանը» տեղեկացրել է, որ ոստիկանին մեղադրանք չի առաջադրվել դեպքի վայրը լքելու հոդվածով, քանի որ վերջինս միջադեպից որոշ ժամանակ անց վերադարձել է այնտեղ։