Մատչելիության հղումներ

ԲԴԽ անդամ Բեքմեզյանը հավաստիացնում է` համակարգը չվերագործարկելու որևէ միտում կառույցում չկա


Դատական գործերի մակագրման էլեկտրոնային համակարգի վերագործարկման համար դեռ շաբաթներ կպահանջվեն։ Համակարգը չի գործում արդեն մոտ մեկ տարի, ինչի հետևանքով գործերը դատավորներին ձեռքով են մակագրվում՝ հարուցելով տեղական ու միջազգային փորձագետների դժգոհությունը։ Մինչ այս բաշխումը կատարվում էր էլեկտրոնային համակարգով՝ առանց մարդկային որևէ միջամտության։

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը պնդում է՝ եթե համակարգն այսօր գործարկվի, մեկամյա դադարից հետո չեն բացառվում ծրագրային սխալները։ ԲԴԽ-ն, ըստ Բեքմեզյանի, համակարգը չվերագործարկելու որևէ դիտավորություն չունի։

«Եթե հիմա այսօր ինչ-որ բան միացնենք և ասենք` համակարգն աշխատում է, մենք կխաբենք և՛ մեզ, և՛ հանրությանը, որովհետև համակարգը կարող է աշխատի, բայց իր մակագրման գործընթացները, մակագրման օբյեկտիվությունը, մակագրման հավասարությունը դատավորների միջև չի պահպանվի», - ասաց նա «Ազատության» հետ զրույցում:

Իսկ համակարգը դադարել էր աշխատել մի քրեական գործի պատճառով, որի շրջանակներում առգրավվել էին սերվերները։ Թեև ավելի քան երկու շաբաթ առաջ դատախազությունը հայտնեց, թե Բարձրագույն դատական խորհուրդ է ուղարկել համակարգի գործարկման կոդերը, սակայն Գրիգոր Բեքմեզյանը պնդում է, որ դրանք միայն այսօր են ստացել կրիչի վրա։

Գործընթացը ժամանակատար է. մասնագետ

Դատական էլեկտրոնային համակարգը սպասարկող «Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս» ընկերության տնօրեն Արմեն Մանուկյանն ասում է՝ գործընթացը ժամանակատար է, քանի որ առգրավված մակագրման համակարգը պետք է կրկին ներդնեն դատական ողջ էլեկտրոնային համակարգի վրա։

«Մակագրությունն այդ համակարգի մեջ մի կտոր է ուղղակի, մի մաս է: Դա ներկայացնում է այն ամբողջ համակարգը, որտեղ բոլոր դատավորներն են այդ համակարգի մեջ աշխատում, որի մեջ նաև դատավարական գործողություններն են կատարվում, ֆիքսվում, վիճակագրություններն են, Դատալեքսն է նաև դրա մեջ մտնում, այսինքն` այդ ամբողջ համակարգի մեջ մակագրությունը մի կտոր է ընդամենը», - նկատում է Արմեն Մանուկյանը:

ԲԴԽ երկու անդամներն այսօր հանդիպել են համակարգը սպասարկող համակարգը սպասարկող ընկերության ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցած Գրիգոր Բեքմեզյանն ասաց՝ ԱԱԾ-ի կողմից առգրավված սերվերները դեռ կապարակնքված են, և սպասարկող ընկերությունը հեռավար է աշխատում դրանց հետ. «Կարիք կա, որպեսզի համակարգում ներմուծվեն այս պահին արձակուրդ գնացած, ժամանակավոր աշխատունակության մեջ գտնվող դատավորների տվյալները, որովհետև համակարգը միայն էլեկտրոնային ձևով չի մակագրում գործերը դատավորների, այլ ինքն ունի ալգորիթմ, որը հաշվարկում է և հնարավորություն է տալիս այդ գործերի բաշխումը հավասարաչափ իրականացնել դատավորների միջև, իսկ նման բան անելու համար պետք է համակարգում մտցվեն այս վերջին` մոտավորապես մեկ տարվա ընթացքում դատական իշխանությունում տեղի ունեցած փոփոխությունները, որովհետև մի դատավոր մի տեղից մի տեղ է տեղափոխվել, որոշակի դատավորներ իրենց նոր պաշտոնի` ասենք` դատարանի նախագահ, դատարանի նախագահից դուրս գալ և այլն, պայմանավորված դրանց գործերի բաշխման տոկոսաչափն է փոխվել, որը ևս պետք է մտնի համակարգի մեջ»:

Կան խմբեր, որոնց ձեռնտու է ստեղծված վիճակը, կարծում է իրավապաշտպանը

Թեև ԲԴԽ անդամը վստահեցնում է, որ համակարգը չվերագործակելու որևէ միտում կառույցում չկա, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը հակված է կարծել, որ կան խմբեր, որոնց ձեռնտու է ստեղծված վիճակը, երբ հնարավորություն կա այս կամ այն գործը մակագրել նախընտրելի դատավորի։ Արդյո՞ք այդ խմբում տեղ ունի ԲԴԽ ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը, որը իշխանության թեկնածուն էր ԲԴԽ անդամի պաշտոնում և պարբերաբար խոսում է դատավորների շարքերը մաքրելու մասին:

«Ենթադրում եմ, որ այդքան էլ դեմ չէ պարոն Ջհանգիրյանը իր ղեկավարած կամ իրեն ինչ-որ իմաստով ենթակա կառույցներում այսպիսի համակարգ ունենալու, որովետև տրամաբանությունը հուշում է` եթե փոխեցին դատարանների նախագահներին, և նշանակվեցին մարդիկ, ովքեր մաքսիմում լոյալ են առնվազն Ջհանգիրյանին, եթե ոչ գործող իշխանությանը, ապա նաև ձեռքով մակագրելու տարբերակը վատ տարբերակ չի ամբողջականացնելու այդ ազդեցության հնարավորությունները: Չեմ բացառում, որ կարող է նաև պարոն Ջհանգիրյանը հետաքրքրված լինի, ինչո՞ւ ոչ», - ասում է իրավապաշտպանը:

Դատական համակարգում այս խնդիրը ծագեց դեռ ամիսներ առաջ, երբ Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ էր հարուցել դատավորների միջև գործերի բաշխման գործընթացին ապօրինի միջամտելու, պաշտոնեական դիրքի չարաշահման դրվագով։ Փորձաքննության համար ԱԱԾ քննիչները առգրավել էին դատարանների համակարգչային ծրագրի մուտքի և կառավարման բանալիները։ Այդ գործով քննությամբ որևէ մեկին դեռ մեղադրանք չի ներկայացվել, սակայն, ըստ դատախազության, փորձաքննությունն ավարտվել է, և համակարգը կարելի է կրկին գործարկել:

ԲԴԽ անդամ Բեքմեզյանը հավաստիացնում է` համակարգը չվերագործարկելու որևէ միտում կառույցում չկա
please wait

No media source currently available

0:00 0:04:23 0:00

XS
SM
MD
LG