Երևանը շարունակում է պնդել՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթացը պիտի տեղի ունենա առանց նախապայմանների։
Պրահայում հոկտեմբերի 7-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո, «Ազատության» հարցին ի պատասխան, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էր հայտարարել, թե Թուրքիան Հայաստանի հետ սահմանները կբացի, հենց Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի։
Հայաստանի Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «Ազատության» հետ զրույցում վերահաստատեց Երևանի դիրքորոշումը՝ կարգավորման գործընթացը տեսնում են առանց նախապայմանների։
«Թույլ տվեք ինքս չմեկնաբանեմ Էրդողանի հայտարարությունները, ես կարող եմ մեկնաբանել Հայաստանի իշխանությունների հայտարարությունները և այդ հայտարարությունները մնում են նույնը՝ մենք նախապայմաններով չենք մտնելու էդ գործընթացի մեջ», - ասաց Կոնջորյանը։
Անդրադառնալով հայաստանյան ընդդիմադիր խմբակցությունների՝ բանակցողին փոխելու պահանջին՝ իշխանական պատգամավորը նախ դա քաղաքական ինֆանտիլության հետևանք համարեց՝ նկատելով՝ նոյեմբերի 9-ից հետո էլ մանտրայի պես կրկնում էի, որ պետք է փոխել բանակցողին, ապա շեշտեց՝ ժողովրդավարական հասարակության մեջ բանակցողին փոխելու կամ չփոխելու որոշումը կայացնում է ժողովուրդը, իսկ ժողովուրդը, նրա համոզմամբ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով գնացել է և մանդատը բանակցելու տվել է Նիկոլ Փաշինյանին և գործող իշխանությանը։
Ընդդիմության դիտարկմանը, թե այդ մանդատն իշխանությունները կորցրել են, որովհետև ժամանակին ասում էին՝ «անջատում հանուն փրկության, արցախահայերի իրավունքներից բխող կարգավիճակ», հիմա ընդհանրապես այլ բան են ասում՝ «Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն», իշխանական պատգամավորն այսպես արձագանքեց․ - «Թող էդ խորհրդարանական ընդդիմությունը վերադառնա խորհրդարան, և բոլոր այդ հարցերով բանավիճի մեզ հետ, բանավիճի վարչապետի հետ»։
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները մայիսից բոյկոտել են ԱԺ նիստերը Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու մասին՝ վարչապետ Փաշինյանի հայտարարությունից հետո։ Վրաններ տեղադրեցին Ֆրանսիայի հրապարակում և ամենօրյա փողոցային պայքար սկսեցին։ Մեկուկես ամիս հետո հայտարարեցին մարտավարությունը փոխելու մասին և դադարեցրին նստացույցը։ Աշնանային նստաշրջանի մեկնարկին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ բացակայությունների շարունակական լինելու դեպքում այս անգամ իշխանությունը մինչև վերջ կգնա և նիստերից բացակայող ընդդիմադիրներին կզրկի մանդատից։
Հայկ Կոնջորյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․