Մատչելիության հղումներ

Մեր հավաքականը այսօր, մանավանդ Երևանում, ի զորու է ցանկացած հավաքականի հետ պայքարել. Լևոն Պաչաջյան


Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիս Լևոն Պաչաջյանը 14 տարի առաջ Թուրքիայի ընտրանու դեմ երևանյան հանդիպմանը խաղադաշտում էր մեկնարկային րոպեներից։

Մեծ ուշադրություն ու լարվածություն. 39-ամյա կիսապաշտպանի հիշողությունները թարմ են. - «Էն ժամանակ էլ էր շատ բարդ իրավիճակ։ Շատ մեծ ուշադրություն կար, հիշում եմ, Թուրքիայից ինչքան լրագրողներ էին ժամանել։ Մեր հետ էլ մեր պաշտոնյաները էդ հանդիպումից առաջ հանդիպեցին, խոսեցին։ Իհարկե հասկանում էինք, որ դա աննախադեպ խաղ է, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի հաղթենք։ Էն ժամանակ, ցավոք սրտի, չստացվեց հասնել լավ արդյունքի»։

2008-ին երևանյան հանդիպումն ավարտվեց Թուրքիայի հավաքականի 2-0 հաշվով հաղթանակով։ Մեկ տարի անց արդեն Թուրքիայում Հայաստանի ընտրանին նույն հաշվով պարտվեց։

Հենց այս ժամանակ սկիզբ դրվեց ֆուտբոլային դիվանագիտությանը։ Երկու երկրների ղեկավարները միմյանց հրավիրել էին խաղերը միասին դիտելու։ Այս գործընթացի արդյունքում Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, սակայն հետագայում չվավերացվեցին։

«Էդ ժամանակվա Թուրքիայի հավաքականը շատ ավելի ուժ էր, քան, իմ կարծիքով, այսօրվա հավաքականը։ Շատ մեծ անուններ կային էն ժամանակվա հավաքականում։ Բայց ամեն դեպքում, կարծում եմ, մեր հավաքականը այսօր, մանավանդ Երևանում, ի զորու է ցանկացած հավաքականի հետ պայքարել և մանավանդ այդպիսի կարևոր խաղերում լավ արդյունքի հասնել», - ասաց Պաչաջյանը։

Թուրքիայի Բուրսա քաղաքում կայացած այդ հանդիպումից 13 տարի անց երկու հավաքականների ճանապարհները կրկին խաչվել են։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլում թիմերը նույն խմբում են հայտնվել։ Հաջորդ տարի մարտի 25-ին Թուրքիայի հետ տնային հանդիպմամբ Հայաստանի հավաքականը կսկսի նոր մրցափուլը։ Նույն խմբում են ընդգրկված նաև Խորվաթիան, Ուելսն ու Լատվիան։ Հինգ թիմերը մարտից նոյեմբեր ամիսներին հանդիպումներ կանցկացնեն՝ լավագույն երկուսին որոշելու համար։ Առաջին երկու տեղերը զբաղեցրած ընտրանիները Գերմանիայում կայանալիք Եվրո 24-ի ուղեգիր կնվաճեն։

2007-ին Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Լևոն Պաչաջյանը, որը նախորդ տարեվերջին հայտարարեց պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին, կարծում է՝ ամենաբարդ խումբը չէ. - «Բավականին հարմար խումբ է։ Չնայած իր բարդությունները ունի իհարկե։ Բոլոր թիմերն էլ շատ ուժեղ են, բարձր մրցակցություն եմ սպասում։ Եթե գումարածներն ու հանածները նայենք, ընդհանուր առմամբ նորմալ խումբ է, և կարելի է պայքարել բարձր տեղերի համար։ Միանշանակ»։

Նոր ընտրական փուլից Հայաստանի հավաքականն առայժմ գլխավոր մարզիչ չունի։ Սեպտեմբերին ավարտված Ազգերի լիգայում անհաջող ելույթներից հետո Ֆուտբոլի ֆեդերացիան որոշեց դադարեցնել իսպանացի Խոակին Կապառոսի հետ համագործակցությունը։ Նոր մարզչի թեկնածուների ու բանակցությունների մասին ֆեդերացիան առայժմ լռում է։

Ֆուտբոլային հանրությունը հավաքականի վերջին անհաջող ելույթների մասին խոսելիս առաջին հերթին մատնանշում է կարգապահական խնդիրները՝ հույս հայտնելով, որ ով էլ ստանձնի ընտրանու ղեկը, կզբաղվի այդ հարցով։

«Իմ կարծիքով, շատ կարևոր է, որպեսզի այդ մարզիչը, ով էլ որ լինի, նախ և առաջ ուշադրություն դարձնի կարգապահության վրա։ Եթե արտասահմանցի մարզիչ լինի, իմ կարծիքով, շատ կարևոր է նաև լեզվական խնդիրը. լինի այնպիսի մարզիչ, որը որ կարողանա ուղիղ հաղորդակցվել մեր ֆուտբոլիստների հետ։ Որովհետև շատ կարևոր է, որպեսզի մարզիչը առանց միջնորդի, առանց թարգմանչի կարողանա իր էմոցիաները, իր մտքերը, իր ոգևորությունն ու դժգոհությունը փոխանցի ֆուտբոլիստներին», - ասաց Լևոն Պաչաջյանը։

«Շատ կարևոր է, որ լինի այնպիսի մարզիչ, ով պատրաստ կլինի այս բեռը, ամբողջ հոգեբանական բեռը վերցնել իր վրա, թիմին զերծ պահել ցանկացած այլ մտքերից, բացի ֆուտբոլից», - ասաց Հայաստանում ՈՒԵՖԱ-ի թղթակից Մհեր Խուդավերդյանը։

Նա գրեթե վստահ է, որ հավաքականի հաջորդ գլխավոր մարզիչը ևս օտարազգի կլինի։ Խուդավերդյանը նույնպես շեշտում է՝ անհրաժեշտ է, որ նոր մարզիչը իր սաների հետ հաղորդակցվելու խնդիր չունենա։ Նրա գնահատմամբ, սակայն, խումբը բավականին բարդ է. - «Ուղղակի պետք ա համեմատության մեջ նայենք։ Մենք կարող էինք է'լ ավելի բարդ խմբում հայտնվել։ Այնպես որ, այդ առումով կարելի է ասել, որ միջին բարդության խումբ ա։ Իհարկե, կարող էր ավելի հեշտ խումբ բաժին հասներ մեզ, բայց ունենք այն, ինչ ունենք»։

Հայաստանի ընտրանու ավագ Վարազդատ Հարոյանը մեկնաբանելով վիճակահանության արդյունքները՝ ասել է, թե ամենաբարդ խումբը չէ և բոլորի դեմ էլ կարելի է պայքարել։ Կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն էլ ընդգծել է՝ պետք չէ մտածել մրցակիցների մասին, այլ շատ աշխատել ու փորձել լուծել թիմի առջև դրված խնդիրները։

Ֆեդերացիան դեռ անցած տարի էր հայտարարել՝ խնդիրը Եվրոյի ուղեգիր նվաճելն է, ինչև երբևէ չի հաջողվել հավաքականին։

XS
SM
MD
LG