3-2 հաշվով պարտություն Դուբլինում, դժգոհություններ մրցավարից, մարզչից, թեժացած կրքեր ու կարմիր քարտեր. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Իռլանդիայի հետ արտագնա խաղում պարտությամբ ավարտեց իր մրցելույթները Ազգերի լիգայի խաղարկությունում։
Հայաստանի ընտրանին խմբում վերջին տեղը զբաղեցնելով նահանջեց B դիվիզիոնից և հաջորդ խաղարկությունում կարգով ավելի ցածր խմբում կխաղա։ Երեկ Դուբլինում հավաքականը 2-0 հաշվով պարտվելիս կարողացավ մի քանի րոպեում հավասարեցնել հաշիվը, սակայն վերջում մրցավարը Հայաստանի դարպասին 11 մետրանոց նշանակեց։ Այսպիսով 3-2 հաշվով պարտություն։
Հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը խաղից հետո դժգոհեց մրցավարությունից՝ պնդեց 11 մետրանոց չպետք է նշանակվեր. «Շատ ցավալի էր, ես չգիտեմ թե ինչու են մեր հավաքականի հետ նման բաներ կատարվում, երբ մենք խաղում ենք Իռլանդիայում։ Ստացվեց այն, ինչ տեղի ունեցավ 2011 թվականին։ Երբ հաշիվը դեռ 2-2 էր, բավականին ժամանակ ունեինք, որպեսզի մեր ուզած հաշվին հասնեինք»։
11 մետրանոցի նշանակումից հետո հայ ֆուտբոլիստների նյարդերը տեղի տվեցին, մրցավարի հետ վիճելու պատճառով միանգամից երկու ֆուտբոլիստ հեռացվեց դաշտից։ Սա առաջին դեպքը չէ, երբ իսպանացի մասնագետի սաները հույզերը կառավարել չեն կարողանում և կարմիր քարտեր են ստանում։
66-ամյա Կապառոսը, սակայն, իր ֆուտբոլիստների անկարգապահությունից երեկ չցանկացավ խոսել. «Նորից եմ կրկնում՝ ես պետք է շնորհավորեմ իմ բոլոր ֆուտբոլիստներին, իսկ այն, ինչ ես ասում եմ նրանց հանդերձարանում, մնում է այնտեղ»։
Իսկ ահա հավաքականի անընդմեջ պարտություններից զայրացած ֆուտբոլասերները պահանջում են հավաքականն արդեն 2.5 տարի մարզող Կապառոսի հեռացումը։ Նրա գլխավորությամբ Ազգերի լիգայում հավաքականը խոշոր հաշվով մի քանի պարություն է կրել՝ վեց հանդիպումներում ընդհանուր առմամբ 17 գնդակ բաց թողնելով ու խփելով ընդամենը 4-ը։
Կապառոսի պայմանագիրը լրանում է նոյեմբերին, բոլորը համոզված են, որ այն չի երկարաձգվի, ասում է Հայաստանում ՈւԵՖԱ-ի թղթակից Մհեր Խուդավերդյանը։
«Պետք է ուղղակի Կապառոսին շնորհակալություն հայտնել մեզ էմոցիաներ պարգևելու համար, շնորհակալություն հայտնել սերնդափոխության գործընթացը վերջապես Հայաստանի հավաքականում սկսելու համար ձեռքը սեղմել և հաջողություն մաղթել հետագա կարիերայում», - ընդգծեց Խուդավերդյանը։
Օրերս Կապառոսը իր հրաժարականի մասին չցանկացավ խոսել, միայն հիշեցրել էր, որ դեռ գործող պայմանագիր ունի։
Խոսելով հավաքականի խաղի հիմնական թերություններից լրագրող Մհեր Խուդավերդյանն առաջին հերթին կարգապահության պակասն է մատնանշում. «Երեք հիմնական կետ կառանձնացնեմ, առաջինը, խաղային կարգապահությունն է՝ թե՛ ֆուտբոլային առումով, թե՛ բուն կարգապահության առումով։ Երկրորդ կետը՝ հոգեբանությունը, որովհետև հոգեբանորեն շատ ընկճված տեսք ունի հավաքականը վերջին բոլոր խաղերում, նույնիսկ Իռլանդիայի հավաքականին հաղթելու ժամանակ, ընթացքում, առաջ և հետո։ Երրորդ կետը՝ առաջատար ֆուտբոլիստներից մի քանիսի սխալ դիրքերում կիրառումն է»։
«Բազմաթիվ բաց թողնված գնդակներ, բազմաթիվ թերություններ պաշտպանությունում և խփած 4 գնդակ, դա բավարար համարել չի կարելի», - նշեց մարզական լրագրողը։
Մարզական լրագրող Գևորգ Ղազարյանն էլ շեշտում է՝ դաշտում տեղի ունեցողը, կարմիր քարտերը ցույց են տալիս, որ Խոակին Կապառոսը չի հասկացել հայ ֆուտբոլիստների մենթալիտետը։
«Սա միանշանակ է, որ Կապառոսը նվազագույնը հայ ֆուտբոլիստների ոգին և մենթալիտետը չի ընկալել, չի հասկացել, թե ինչպես պետք է կարգավորի թիմը նման դեպքերում», - ասաց Ղազարյանը։
Մարզական լրագրողները կարծում են, որ եթե ի վերջո Կապառոսին հրաժեշտ տան, Ֆուտբոլի ֆեդերացիան կրկին կփորձի արտասահմանցի մասնագետի հրավիրել։ Ֆուտբոլային կառույցն առայժմ լուռ է։
Հավաքականի հաջորդ պաշտոնական հանդիպումները գարնանը կանցկացվեն։ Մարտին մեկնարկում է Եվրոպայի 24 թվականի առաջնության որակավորման փուլը։ Հայաստանի ընտրանու մրցակիցներն առայժմ հայտնի չեն։