Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) և ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը երկկողմանի համաձայնությամբ դադարեցնում են համագործակցությունը. իսպանացի մասնագետն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:
ՀՖՖ հաղորդագրության համաձայն՝ ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը երեկ հանդիպել է Խոակին Կապառոսի հետ, քննարկել հավաքականի այս տարվա ելույթները։ Հանդիպման ընթացքում փոխադարձ համաձայնություն է ձեռք բերվել չշարունակել համագործակցությունը։
Մելիքբեկյանը շնորհակալություն է հայտնել իսպանացի մասնագետին իր աշխատանքի, Հայաստանի համար դժվարին օրերին ազգային հավաքականի կողքը մնալու, աշխատանքի ընթացքում մարդկային լավագույն որակներ և բարձր պրոֆեսիոնալիզմ դրսևորելու համար, նշված է հաղորդագրությունում։
«Խոակին Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն առաջին անգամ իր պատմության ընթացքում հաղթեց պաշտոնական մրցաշարում՝ գրավելով առաջին տեղը Ազգերի լիգայի C դիվիզիոնի իր խմբում: Իսպանացի մասնագետի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն ունեցավ իր պատմության ամենաերկար անպարտելի շարքը՝ 9 խաղ: 66-ամյա մասնագետի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց մի շարք տպավորիչ հանդիպումներ Աշխարհի գավաթի որակավորման փուլում», - նշում է ֆեդերացիան։
Խոակին Կապառոսը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը գլխավորում էր 2020 թվականի մարտից։