Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին:
Հայաստանը կարևորում է ՀՀ կառավարության և ԱԷՄԳ միջև համագործակցությունը, որն էական նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ և միջուկային անվտանգության ապահովման և կարողությունները զարգացնելու տեսանկյունից, ասել է Փաշինյանն՝ ընդգծելով, որ այս խնդիրները կառավարության ռազմավարական առաջնահերթությունների թվում են:
Գրոսին ևս ընդգծել է միջուկային անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել շարունակել օժանդակությունը Հայաստանի կառավարությանն այդ ուղղությամբ:
Փաշինյանն ու Գրոսին անդրադարձել են Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ աշխատանքներին, մտքեր փոխանակել Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև համագործակցության խորացման հնարավորությունների շուրջ:
Ավելի ուշ նրան ընդունել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Վերջինս Գրոսիի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր: Ըստ ԱԳՆ-ի՝ նրանք արձանագրել են, որ Հայաստան-ԱԷՄԳ ծավալուն օրակարգն իր մեջ ներառում է ինչպես միջուկային անվտանգության և էներգետիկայի, այնպես էլ՝ շրջակա միջավայրի, առողջապահության, արտակարգ իրավիճակների և այլ բնագավառներ:
ԱԷՄԳի գլխավոր տնօրենն այսօր է ժամանել Երևան՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հրավերով։ Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Գրոսիին կընդունեն նաև Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Մարիանո Գրոսին կայցելի նաև Հայկական ատոմային էլեկտրակայան, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, ինչպես նաև դասախոսությամբ հանդես կգա ԵՊՀ ուսանողների համար։