Մատչելիության հղումներ

Հայկական ԱԷԿ-ի կյանքը մինչև 2036 թվականը երկարաձգելու աշխատանքները սկսվել են. ԱԷԿ տնօրեն


Հայկական ատոմակայանի և Росатом-ի նախաձեռնությամբ ներկայումս ստեղծվում է աշխատանքային խումբ Մեծամորի ատոմականի կյանքը ևս տասը տարով՝ մինչև 2036 թվականը երակարաձգելու համար, այսօր Երևանում կայացած Հայաստանում ատոմային ոլորտի զարգացմանը վերաբող համաժողովին հայտարարեց Հայկական ատոմակայանի տնօրեն Մովսես Վարդանյանը։

«Росатом-ի և Հայկական ատոմակայանի նախաձեռնությամբ՝ ներկայումս ստեղծում ենք տեխնիկական աշխատանքային նոր խումբ, որպեսզի աշխատենք 2026 թվականից հետո [Հայկական ատոմակայանի] շահագործման ժամկետի կրկնական երկարաձգման ուղղությամբ։ Ռուսաստանյան կողմից գլխավորապես մասնակցելու է Русатом Сервис ընկերությունը։ Մեր կողմից, ըստ նախնական տեղեկությունների, մասնակցելու են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, կարգավորող մարմինը։ Խնդրել ենք, որպեսզի «Արմատոմ» գիտահետազոտական ինստիտուտը ևս մասնակցի՝ որոշակիացնելու, թե 2026-ին անվտանգության ինչ մակարդակի պետք է հասնենք, որպեսզի 2026 թվականից հետո Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի շահագործման թույլտվություն ստանանք», - ասել է Վարդանյանը։

Հայկական ԱԷԿ-ի պաշտոնական կայքէջի համաձայն, ատոմակայանը բաղկացած է երկու էներգաբլոկներից` խորհրդային արտադրության ВВЭР-440 տիպի ռեակտորներով: Առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976-ին, երկրորդը` 1980-ին: 407,5 ՄՎտ դրվածքային հզորությամբ երկու էներգաբլոկների շահագործման նախագծային ժամկետը 30 տարի է:

1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո ԽՍՀՄ կառավարուըթյան որոշմամբ 1989թ. փետրվարին կանգնեցվեց առաջին էներգաբլոկը, մարտին՝ երկրորդը: Սակայն արդեն 1993 թվականին Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց վերագործարկել երկրորդ էներգաբլոկը, ինչն էլ արվեց 1995-ի նոյեմբերին։ Առաջին էներգաբլոկը գտնվում է երկարատև կանգի ռեժիմում:

2016-ին փաստորեն լրանում էր երկրորդ էներգաբլոկի շահագործման երեսուն տարին, և Հայկական ատոմակայանի արդիականացման համար 2015թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված վարկային համաձայնագրով Մոսկվան հատկացրեց 270 միլիոն դոլար վարկ և 30 միլիոն դոլար դրամաշնորհ։ Նախատեսված է արդիականացման աշխատանքներն ավարտել 2023 թվականին, իսկ այս տարի մայիսից-հոկտեմբեր ընթացքում այդ աշխատանքների իրականացման համար ԱԷԿ-ը կանգնելու է 141 օր։ Արդիականացումը նախատեսում է Հայկական ԱԷԿ-ը անվտանգ շահագործել մինչև 2026 թվականը։

Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու նախագծի ռուսական կողմի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն այսօր համաժողովին բերեց մի շարք եվրոպական երկրների օրինակը, ուր ВВЭР-440 ռեակտորով գործող ատոմակայանների շահագործումը առաջին երեսուն տարիներից հետո երկարաձգվել է։

Ռուսաստանում ВВЭР-440 տիպի երեք ռեակտորի աշխատանքը երկարաձգվել է ևս 30 տարով, իսկ երկուսինը՝ 25 տարով, Հունգարիայում՝ նման չորս ռեակտորների շահագործումը երկարաձգվել է 20 տարով, Ֆինլանդիայում և Ուկրաինայում նմանատիպ երկուական ռեակտորների աշխատանքը երկարաձգվել է դարձյալ 20 տարով։

Ըստ Սվիրիդենկոյի, հայաստանյան ВВЭР-440-ի շահագործումը առայժմ երկարաձգվում է տասը տարով՝ մինչև 2026 թվականը, և ներկայացվածը թույլ է տալիս հայտարարել, որ կարելի է երկարաձգել ևս առնվազն տասը տարով՝ մինչև 2036 թվականը․ - «Հայկական ԱԷԿ-ը հաստատապես կարող է աշխատել 2026 թվականից հետո։ Այսօրվա դրությամբ կազմվել են նախնական հաշվարկային գնահատականներ, որոնց համաձայն կայանը կարելի է շահագործել մինչև 2036 թվականը։ Սակայն կրկնեմ՝ սրանք նախնական հաշվարկային գնահատականներ, որոնք դեռ պետք է փորձաքննություն անցնեն, ստանան Միջուկային անվտանգության կարգավորման հանձնաժողովի հավանությունը։ Այժմ մենք այս փուլում ենք»։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանի խոսքով, գործող ատոմակայանի շահագործման երկարաձգումը ամենևին չի նշանակում, թե կառավարությունում մտադիր չեն ձեռնամուխ լինել նոր ԱԷԿ-ի կառուցմանը․ - «Հաշվի առնելով էներգահամակարգի հուսալիությունը, արտահանման տեմպերը, ռեժիմները, ֆինանսավորման չափը, աղբյուրները՝ կառավարությունը որոշում կկայացնի։ Դրանից առաջ ծրագիր կմշակվի, թե ինչ հզորության ռեակտոր պիտի դրվի, ինչ ժամկետներում և ինչ ֆինանսավորմամբ։ Համենայն դեպս, նպատակը դա է, և մենք մեր աշխատանքները ուղղում ենք, ներառյալ երկարացումները, գործող էներգաբլոկի շահագործումից հետո փոխարինելու նոր միջուկային էներգաբլոկով»։

Հայաստանում ՄԱԿ-ի էներգետիկայի ազգային փորձագետ Արա Մարջանյան կարծիքով, ատոմակայանը առանցքային նշանակություն ունի հանրապետության էներգետիկ անվտանգության համար, ուստի ԱԷԿ-ի պահպանումը և նոր ԱԷԿ-ի կառուցումը Հայաստանի ազգային անվտանգության ապահովման առաջնային խնդիրներից է․ - «Մենք ունենք ընդամենը երկու օբյեկտ, որ երաշխավորում են էներգետիկ անվտանգությունը․ դա Որոտանի ՀԷԿ-երի կասկադն է և Հայկական ատոմակայանը։ Զուր չէ, որ նոր ռազմավարությունը ֆիքսում է, որ Հայաստանը պետք է ունենա հարմոնիկ եռաբաղադրիչ գեներացիոն համակարգ, և ատոմային էներգետիկան հանդիսանում է անքակտելի մասը մեր էներգետիկ անվտանգության ռազմավարության։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG