Առաջիկա ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 30-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում մեկնարկում է Գրքի երևանյան 5-րդ փառատոնը, որը կտևի մինչև հոկտեմբերի 2-ը։
Տարեցտարի գրքի ու գրականության այս տոնը դարձավ մեր հանրության ամենասիրված տոներից մեկը, երբ կարելի է մասնակցել ոչ միայն ամենատարբեր գրական միջոցառումների՝ ասուլիսների, գրքերի շնորհանդեսների, հանդիպումների գրողների և գրահրատարակիչների հետ, այլև բավական ուշագրավ զեղչերով ձեռք բերել նոր գրքեր, որոնք իրենց տաղավարներով ներկայացնում են հրատարակիչները։
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ անցկացվող Գրքի երևանյան փառատոնի կազմակերպիչ, նախարարության Գրականության բաժնի գլխավոր մասնագետ, Գրքի երևանյան փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանը «Ազատության» հետ զրույցում ընդգծում էր, որ այս տարի աննախադեպ է փառատոնի մասնակիցների թիվը. - «Երբ 2017 թվականին հիմնադրվեց Գրքի երևանյան փառատոնը, 2022 թվականի արդյունքների մասին միայն երազել կարող էինք, որովհետև 17 թվին ավելի փոքր շրջանակում էր, ավելի քիչ հյուրերով, քիչ միջոցառումներով։ Իսկ 2022 թվականին Գրքի երևանյան փառատոնի աշխարհագրությունը և ծավալները ընդլայնվեցին. այս տարի ունենք վաթսունից ավելի միջոցառումներ, երեսունհինգից ավելի հրատարակչություններ են մասնակցում, ունենք երեսունից ավելի հրավիրյալ գրողներ յոթ երկրից՝ Ֆրանսիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Կիպրոսից, Վրաստանից... Ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր արտերկրի գործընկերներին, առանց որոնց օժանդակության պարզապես մենք չէինք կարող այդքան գրողների հրավիրել Հայաստան, որովհետև ամբողջ ծախսը հոգում են նրանք։ Ռուսաստանի թարգմանությունների ինստիտուտը, Ջենովայի պոեզիայի փառատոնը, Վերսոպոլիսը՝ եվրոպական պոեզիայի կարևոր հարթակը, որոնց ներգրավվածությունը և գործընկերությունը մեզ օգնեցին կայացնելու Գրքի երևանյան փառատոնի միջազգային բաղադրիչը»։
Փառատոնին մասնակից արտասահմանյան գրողները աշխատարաններ ու վարպետության դասեր կանցկացնեն, կունենան հանդիպումներ գրական շրջանակների ներկայացուցիչների հետ, կմասնակցեն բանախոսությունների և պոեզիայի ընթերցումների Առնո Բաբաջանյան համերգասրահում, «Զանգակ» գրատանը, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում և այլուր։
Գրքի երևանյան 5-րդ փառատոնի շրջանակներում անցկացվելիք ցուցահանդես-տոնավաճառում ներկայացված Հայաստանի 35 հրատարակչությունների տպագրած գրքերը, Սարգսյանի փոխանցմամբ, կվաճառվեն 25-40 տոկոս զեղչերով. - «Սա հրաշալի հնարավորություն է համալրելու աշնանային գրապաշարը գրադարակներում։ Մյուս բաղադրիչը գրական մրցույթն է, որին այս տարի մոտ երկու հարյուր գրող է մասնակցել։ Դիմել են չորս անվանակարգում՝ արձակ, պոեզիա, դրամատուրգիա և մանկապատանեկան գրականություն։ Անվանակարգերում հաղթողները ստանալու են 300 հազարական դրամ»։
Գրականության տարբեր անվանակարգերում հաղթողների անունները հայտնի կդառնան հոկտեմբերի 2-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կայանալիք փառատոնի փակման արարողության ժամանակ, երբ կբացվեն ծրարները և կհրապարակվեն փակ գաղտնի քվեարկությամբ անցկացված ժյուրիի գնահատականները։
Վերջին իրադարձություններից հետո Հայաստանում մի շարք մշակութային միջոցառումներ, նաև փառատոներ չեղարվեցին։ Հարցին, թե ինչպես վճռվեց այսուհանդերձ իրականացնել Գրքի Երևանյան փառատոնը, Արմեն Սարգսյանը պատասխանեց. - «Երբ այս օրերը սկսվեցին, այո, մշակութային միջոցառումները հետաձգվում կամ չեղարկվում էին։ Մեր թիմում էլ եղան քննարկումներ, բայց ես ինքս էլ հաստատակամ էի, որ անպայման պետք է փառատոնը անենք, որովհետև գրքի փառատոնը մի կում թարմ օդ էր այս խտացած վշտի մեջ։ Բացի այդ, ունեինք այդքան հրավիրյալ գրողներ, որոնք կարող են շփվել հայկական իրականության հետ, կտեղեկանան փաստերի մասին, կգնան իրենց երկրներում կպատմեն Հայաստանի մասին։ Մշակութային քաղաքականությունը շատ հզոր քաղաքականություն է։ Գրքի երևանյան փառատոնը գրականության և գրահրատարակչության ամենամեծ ծրագիրն է, որը համախմբում է գրականության ոլորտը կազմող բոլոր օղակներին՝ գրողներ, հրատարակիչներ, գործակալներ, գրական մամուլ, քննադատներ և իհարկե ընթերցողներ։ Այլ որևէ հարթակում այսքան մարդ միաժամանակ չի միավորվում։ Եվ սա համայնքի համերաշխությանն է միտված։ Որովհետև եթե կա համերաշխ համայնք, համագործակցող համայնք, գրական համայնքի մասին եմ ասում, ուրեմն կլինեն կարևոր արդյունքներ։ Որովհետև մեր ոլորտը մշակույթի ամենազարգացող ոլորտներից է. 2021 թվականին Հայաստանում լույս է տեսել 1512 անուն գիրք, ինչը շատ մեծ ցուցանիշ է, որից 500-ը միայն թարգմանություններ են։ Եվ դրանում ներգրավված են տասնյակ պրոֆեսիոնալ մարդիկ մեր ոլորտի, և իր փոքրիկ լուման կարծում եմ, որ ունի և կշարունակի ունենալ Գրքի երևանյան փառատոնը»։