Մատչելիության հղումներ

Չեմ պատկերացնում, որ կարող է որևէ հայ ճանաչի Արցախը Ադրբեջանի մաս. Դավիթ Բաբայան


Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայան
Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավարությամբ այսօր Ստեփանակերտում Անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել։ Մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցած ուրբաթ Արցախի վերաբերյալ հնչեցրած հայտարարություններից անմիջապես հետո Հարությունյանը տեղեկացրեց, թե խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է Արցախի շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները և առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։

Հենց այդ քննարկումների արդյունքում էլ Արցախի խորհրդարանական ուժերը առաջարվել են Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել։

Փաշինյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազույցում ասել էր, որ Հայաստանի և Ադբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրից պետք է առանձնացել Ղարաբաղի հարցը, այն կարող է և չլինել այդ պայմանագրում։ Փաշինյանը նաև նշեց, թե Ղարաբաղի հարցով հիմնական բանկացողը պետք է Արցախը լինի. - «Այո, Հայաստանը և Ադրբեջանը կարող են փոխադարձաբար ճանաչել, և պիտի փոխադարձաբար ճանաչեն, միմյանց տարածքային ամբողջականությունը։ Իսկ Ղարաբաղի հարցի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ իր ընտրված ներկայացուցիչների միջոցով»։

Վարչապետը նաև ասել էր, թե Արցախի նախագահն ամբողջությամբ տեղյակ է ընթացող բանակցություններից. - «Լեռնային Ղարաբաղի նախագահը որևէ բանակցությունում իմ արտասանած և լսած որևէ նախադասությունից անտեղյակ չի, ինքը տեղյակ է»։

Արդյո՞ք ընդունելի են Հայաստանի վարչապետ այս հայտարարությունները պաշտոնական Ստեփանակերտի համար։ Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանն «Ազատության» հետ զրույցում նշեց՝ Հայաստանը և Ադրբեջանը պետք է իրենց հարաբերությունները կարգավորեն, բայց ոչ Արցախի հաշվին, ոչ մի պարագայում Արցախը չի կարող Հայաստանի կողմից ճանաչվել Ադրբեջանի մաս. - «Արցախը չի կարող երբևիցե ճանաչվել Ադրբեջանի մաս։ Հատկապես Հայաստանի կողմից։ Ո՞նց կարող է տենց բան լինի։ Պետք է բանակցություններ վարեն, իրենց հարաբերությունները կարգավորեն, բայց դա չի կարող տեղի ունենալ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու հաշվին»։

Հարցին, թե արդյոք կարծում է, թե Հայաստանի իշխանությունները կգնան դրան, Բաբայանն արձագանքեց. - «Դա ինձ չէ, որ պետք է դուք դիմեք։ Ես չեմ ուզում նույնիսկ հավատալ և չեմ պատկերացնում նույնիսկ, որ կարող է որևէ հայ ճանաչի Արցախը Ադրբեջանի մաս»։

Երեկ Ժնևում, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ, ըստ պաշտոնական Երևանի, մտքեր են փոխանակվել Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ, այդ թվում` Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման միջոցով։

Արցախի Արտգործնախարար Դավիթ Բաբայանը համաձայն չէ «Ղարաբաղի հայություն» ձևակերպման հետ. - «Մենք կարծում ենք, որ չկա «Լեռնային Ղարաբաղի հայություն» հասկացություն։ Կա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ ճանաչված ենք, թե ճանաչված չենք։ Մենք պետություն ենք... ծանր վիճակում գտնվող... Կապ չունի, բայց սա հայության զավակն է, հայությունը չի կարող իր զավակից հրաժարվել»։

Անվտանգության խորհրդի նիստին ընդառաջ, Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանն «Ազատությանը» փոխանցեց՝ ակնկալում են, որ Անվտանգության խորհրդի նիստում Արայիկ Հարությունյանը հստակ պատասխանի, թե արդյոք ճիշտ է Փաշինյանի հայտարարությունը, թե Արցախի նախագահը տեղյակ է Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցություններից։

Արցախցի պատգամավորի խոսքով՝ Անվտանգության խորհրդի նիստերին իրենց կուսակցության ղեկավարն էլ է մասնակցում, և բանակացային գործընթացի մասին իրենց որևէ բան հայտնի չէ. - «Վստահաբար եմ ասում՝ գոնե Անվտանգության խորհրդին տեղյակ պահելու և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին տեղյակ պահելու առումով բացահայտ սուտ է, որը առանց ամաչելու այդ անձը կանգնեց և հայտարարեց ի լուր աշխարհի։ Որովհետև Անվտանգության խորհրդի նիստերին լինում է նաև մեր կուսակցության նախագահը, և որևէ բանակցային գործընթացից Փաշինյանի ասած խոսքից էնտեղ որևէ բան չի ասվել։ Մենք սպասում ենք դեռևս Արցախի նախագահի կա'մ գործուն քայլերին այս ուղղությամբ, կա'մ հայտարարությանը առնվազն, որով կհերքի կամ կհաստատի, որ ինքը տեղյակ է եղել»։

Արցախցի ընդդիմադիր պատգամավորը վտանգավոր է համարում Փաշինյանի այն հայտարարությունը, թե Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ Ղարաբաղի հարցի քննարկման շահառուն պետք է լինի Ղարաբաղի ժողովորդը՝ իր ըննտրված ներկայացուցիչների միջոցով։

Մետաքսե Հակոբյանը Փաշինյանի այս հայտարարությունը աբսուրդ է որակում. - «Տասնյակ տարիներ մենք չենք կարողացել հասնել նրան, որ բանակցային գործընթացի ժամանակ Արցախը ունենա իր ներկայացուցչին՝ ենթադրենք նախագահի դեմքով։ Հիմա, երբ այդ անձը հանձնել ա Արցախը, զոհել է էսքանին, հիմա կանգնում ասում է՝ Արցախը թող գնա բանակցի։ Սա կնիքն էր, որով ինքը հաստատեց վերջնակապես, որ այսուհետ որևէ առնչություն Հայաստանի իշխանությունները չունեն Արցախի հետ»։

Ի դեպ, մոտ տասն օր առաջ Արցախի նախագահը հայտարարել էր, որ պատրաստ են ադրբեջանական կողմի հետ բանակցություններով կարգավորել խնդիրները, և այդ նպատակով պարբերաբար շփումներ են ունենում տարբեր հարցերի շուրջ։

Արայիկ Հարությունյանը չէր հստակեցրել, թե կոնկրետ որ պաշտոնյաներն են շփվում ադրբեջանական կողմի հետ, միայն թվարկել էր ոլորտները՝ անհետ կորածների որոնում, ջրային ռեսուրսների կառավարում, ենթակառուցվածքների վերականգնում ու կառուցում, գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG