Մատչելիության հղումներ

Ժնևում կայացել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները


Երեկ երեկոյան Ժնևում կայացել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները։

Նախօրեին Հայաստանի վարչապետը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, թե Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պաշտոնապես սկսելու են խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները։ Գիշերվա հանդիպումն, ըստ էության, առաջին նման քննարկումներ էր:

Հանդիպումից հետո Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարեց՝ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման և բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ։ Կարևորվել է սահմանային իրավիճակի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը։

Ըստ Հայաստանի արտգործնախարարության՝ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ԶՈՒ իրականացրած պատերազմական հանցագործությունները հստակ գնահատականի պետք է արժանանան միջազգային ատյանների կողմից, իսկ հանցագործները՝ պատասխանատվության ենթարկվեն։

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ, այդ թվում` Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման միջոցով։ Ինչպես Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն է ընդգծել՝ դրական է գնահատվել երկուստեք ըմբռնումը, որ տարածաշրջանային տրանսպորտային ուղիները պիտի ապաշրջափակվեն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։

Հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարարությունն էլ հայտնեց, որ ադրբեջանական կողմն առաջարկել է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի հաջորդ նիստը տեղափոխել և ավելի շուտ անցկացնել` նոյեմբերի փոխարեն հոկտեմբերին։

«Հաշվի առնելով չսահմանազատված սահմանի լարվածությունը՝ Ադրբեջանն առաջարկել է սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել ոչ թե նոյեմբերին, ինչպես ավելի վաղ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, այլ այս տարվա հոկտեմբերին»,- ասվում է հաղորդագրությունում։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Ջեյհուն Բայրամովն ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքերի կարևորությունը։ Այս համատեքստում Ադրբեջանի արտգործնախարարը մանրամասն հայկական կողմի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի առաջարկած հինգ սկզբունքների վրա հիմնված (խաղաղության) պայմանագրի տարրերը, ասվում է հայտարարությունում։

Բացի այդ, փոխանցվում է, որ Բայրամովն ընդգծել է «Ադրբեջանի տարածքից հայկական զինված ուժերի ամբողջական դուրսբերման անհրաժեշտությունը՝ համաձայն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունների, տրանսպորտային ուղիների բացումը հնարավորինս սեղմ ժամկետներում՝ փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ հանձնաժողովի շրջանակներում ձեռք բերված նախնական պայմանավորվածությունների հիման վրա»։

Սեպտեմբերի սկզին հայ-ադրբեջանական սահմանին սկսված բախումներից հետո, որոնք ամենաարյունալին էին 2020 թվականի 44-օրյա պատերազմից ի վեր, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն արդեն երկու հանդիպում են անցկացրել։ Մինչ երեկվա հանդիպումը, նրանք հանդիպել էին սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ։

Ընդ որում, երեկ Միրզոյանի և Բայրամովի հանդիպման օրը հանմացանցում տարածվել էր տեսագրություն որում ադրբեջանցի զինվորները դաժանաբար գնդակահարում են գերեվարված անզեն հայ զինվորականներին։

Ադրբեջանական կողմի գործած ռազմական հանցագործությունները երեկ Ժնևում Միրզոյանը քննարկել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի հետ, իսկ ավելի վաղ նաև Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։

Երկու հանդիպումների ժամանակ էլ հայկական կողմն ընդգծել է ադրբեջանական զինված ուժերի Հայաստանի ինքնիշխան տարածքն անհապաղ լքելու, հայ ռազմագերիներին անհապաղ հայրենադարձման և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը։

Հանդիպումներին, ինչպես պաշտոնական Երևանն է հաղորդում, նաև ընդգծվել է Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական հանցագործությունների հստակ դատապարտումը միջազգային հանրության կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG