Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ի մեկ մանդատից է կախված, թե ով կղեկավարի Ալավերդին առաջիկա 5 տարիներին


Ալավերդիում Հայ ազգային կոնգրեսի մեկ մանդատից է կախված, թե ով կղեկավարի համայնքն առաջիկա 5 տարիներին։

Սեպտեմբերի 25-ին կայացած ավագանու ընտրություններով «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Ապրելու երկիրը» հավասար թվով՝ 13-ական մանդատ կստանան։ ՀԱԿ-ը իր ստացած երկու տոկոս ձայների դիմաց մեկ մանդատ կունենա ավագանիում, ու կախված նրանից, թե քաղաքական որ ուժի հետ կոալիցիա կկազմի, այդ կուսակցության թեկնածուն էլ կդառնա 42 հազար բնակիչ ունեցող համայնքի ղեկավարը։

Այս պահին քաղաքական կուսակցությունները դեռ հայտարարություններ չեն անում, բայց նշում են, որ բանակցում են։ Ալավերդիում ՀԱԿ-ի ընտրական ցուցակը գլխավորած Նորայր Գևորգյանն «Ազատությանն» ասաց՝ չեն բացառում թե՛ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» և թե՛ «Ապրելու երկրի» հետ միավորվելը, թեև «Ապրելու երկիրը »240 ձայնի առավելություն ունի։

Թեկնածուն ասաց՝ կենթարկվի կուսակցության որոշմանն, անգամ եթե այն հակասի իր անձնական դիրքորոշմանը. - «Բանակցությունները դեռ ընթանում են, արդյունքը ցույց կտա։ Հիմնականում քաղաքական բանակցություններ են գնում դրա հետ կապված, ու որոշողը քվեարկության ես չեմ միայն։ Ստեղ կա կուսակցական կարգապահություն, ՀԱԿ վարչությունն ա դա որոշելու»։

Գևորգյանն ասում է՝ ավագանիում ՀԱԿ-ի մեկ տեղն ինքը կզբաղեցնի։ Որքանո՞վ մասնակից կդառնա կառավարմանը միայնակ, և ինչպես կազդի որոշումների վրա։ Ընդամենը 340 ձայն ստացած թեկնածուն ասում է. - «Խելամիտ որոշումներ ընդունելու հարցում դու կարող ես մեկ մանդատով որոշակի ազդեցություն ունենաս։ Որը կարող է և ընդունվել էդ մարդկանց կողմից»։

«Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանն է, «Ապրելու երկրինը»՝ Ախթալայի գործող համայնքապետ Արկադի Թամազյանը։

Որևէ մեկը չի վիճարկել ընտրությունների արդյունքները։ Ընտրատարածքային հանձնաժողովից ասացին՝ նման բողոքներ չեն ստացել։ ձայների 47 և 49 տոկոս ստացած քաղաքական ուժերը չեն մեկնաբանում՝ ինչի՞ շուրջ են բանակցում երկու տոկոս քվե ստացած ՀԱԿ-ի հետ, արդյո՞ք պաշտոններ են խոստանում, թե՞ կառավարմանը մասնակցելու այլ հնարավորություններ։

Իշխանական Արեն Մկրտչյանը քարոզարշավի օրերին ասել էր՝ պատրաստ է իր պատգամավորի մանդատը թողնել Ալավերդու կառավարումն ստանձնելու համար։ Այսօր չպատասխանեց մեր զանգերին։ Միայն իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել ընտրողներին ու ասել. - «Հավատում եմ, որ հետընտրական զարգացումները հնարավորություն կտան մեզ ձեզ հետ միասին կերտել մեր երազանքների Ալավերդի համայնքը»։

Ամենաշատ թվով ձայներ ստացած «Ապրելու երկրի» թեկնածու Արկադի Թամազյանը ևս հույս է հայտնել, թե հենց իրենք կստանձնեն «համայնքը կառավարելու ղեկը»։ «Ազատությանն» ասաց՝ ընտրողներն իրենց են վստահել՝ առավել թվով ձայներ տալով. - «Ժողովուրդը տվեց իր քվեն, ժողովուրդը վստահեց այն ուժին, որը որ պիտի հետագայում կառավարի համայնքը, ծառայի ժողովրդին»։

Ամռանն ԱԺ-ի ընդունած օրենքով նախկինում արդեն խոշորացած Ալավերդի, Ախթալա, Օձուն և Շնող համայնքները միավորվեցին։

Այս համայնքներում դեռ իշխանություն ունեցող հանրապետականներն այս ընտրություններին չառաջադրվեցին, անգամ որևէ թեկնածուի աջակցելու մասին հայտարարություն չարեցին։ Հանրապետականների գործընկեր Դաշնակցությունն ընդամենը 314 ձայն ստացավ։

Ձայների չնչին տարբերություն է գրանցվել նաև Լոռու մեկ այլ համայնքում՝ Գյուլագարակում, որտեղ ևս ընտրապայքարի մեջ էին «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Ապրելու երկիրը»։ Իշխող կուսակցությունն ընդամենը 0,6 տոկոսով է հաղթահարել անցողիկ շեմն ու մեկ մանդատի առավելությամբ կստանձնի համայնքի կառավարումը։

Ընդամենը 48 ձայնի տարբերությամբ պարտված թեկնածու Վրույր Այվազյանը բացառում է, թե Գյուլագարակում կառավարման ճգնաժամ կառաջանա. - «1730 վստահության քվե ենք ստացել ու վստահության քվեն պիտի պահպանենք, պիտի լծվենք գործի, պիտի պարտաճանաչ մենք մասնակցենք ավագանու նիստերին։ Գնալու ենք, մանդատներից չենք հրաժարվելու»։

Ըստ օրենքի, առաջիկա կիրակի ԿԸՀ-ը կհայտարարի ընտրությունների վերջնական արդյունքները, որից հետո ավագանու անդամները կստանան իրենց մանդատներն ու հայտարարություններ կլինեն քաղաքական կոալիցիաների մասին։

XS
SM
MD
LG