Ռուսաստանի Դաշնությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը հայրենակիցներին կոչ է անում «առանց հապաղելու հեռանալ Ռուսաստանի տարածքից, իսկ այլ երկրներում գտնվողներին՝ չայցելել Ռուսաստան»: Հայտարարությունը երեկվանից տեղադրվել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան կայքէջում:
Հաղորդագրությունում նշվում է, որ Ռուսաստանում մասնակի զորահավաք է, և երկքաղաքացիություն ունեցողներին ռուսական իշխանությունները կարող են ուժով զինվորագրել, ընդ որում՝ զրկել ԱՄՆ հյուպատոսարանի հետ կապ հաստատելու հնարավորությունից և արգելել դուրս մեկնել երկրից:
Դեսպանատունը նաև կոչ է անում ամերիկացիներին՝ հաշվի առնել, որ Ռուսաստանում հավաքների և կարծիքներ արտահայտելու ազատությունը խիստ սահմանափակված է և չմասնակցել զորահավաքի դեմ բողոքի ակցիաներին, ինչպես նաև չլուսանկարվել դրանց ընթացքում: