Մատչելիության հղումներ

Հանդիպմանը Սերժ Սարգսյանն ընդգծել է` երկկողմ դաշինքը չի կարող արդյունավետ լինել. նրա արձագանքը` Տեր-Պետրոսյանին


Արձագանքելով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հրապարակման մեջ հիշատակված՝ երրորդ նախագահի հետ մայիսի 1-ին տեղի ունեցած հանդիպման փաստին՝ Սերժ Սարգսյանը հաստատում է այն, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ Տեր-Պետրոսյանի առաջարկի մերժումը:

«Այդ հանդիպման ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանի վերոնշյալ առաջարկությանն ի պատասխան Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ երկկողմ դաշինքը չի կարող արդյունավետ լինել, հիշեցնելով նախորդ հանդիպման ժամանակ ներկայացրած իր դիրքորոշումը, ըստ որի՝ ՀՀ նախկին նախագահների դաշինքը կարող է արդյունավետ լինել, եթե բոլոր կողմերը սկզբունքային համաձայնություն ունենան այդ հարցում:

Իսկ ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստին, ապա նախագահ Սարգսյանն այն տեսնում է առաջին անգամ», - հայտարարում է պաշտոնաթող նախագահի գրասենյակը:

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն այսօր տեղեկացրել է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից իր առաջարկի կտրուկ մերժումից հետո մայիսի 1-ին հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ և նրան առաջարկել ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով, նաև կից հրապարակել համատեղ հայտարարության տեքստ:

Ավելի վաղ Լևոն Տեր-Պետրոսյանը Քոչարյանին և Սարգսյանին առաջարկել էր ընտրություններին մասնակցել «Ազգային համաձայնության դաշինք»-ով, նրանց կողմից հրապարակային մերժում էր ստացել:

XS
SM
MD
LG