Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին այսօր կրկին հանդես է եկել հրապարակային ելույթով։
Սա Իրանի ղեկավարի երկրորդ նման ելույթն է վերջին մեկ շաբաթում, երբ արևմտյան մամուլում տեղեկություններ սկսեցին շրջանառվել նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին։
Սեպտեմբերի 16-ին հրապարակված հոդվածում New York Times-ը պնդել էր, որ 83-ամյա Խամենեին չեղարկել է բոլոր հանդիպումներն ու ելույթները և գտնվում է բժիշկների շուրջօրյա հսկողության ներքո։
Խամենեիի այսօրվա ելույթը շարունակվել է գրեթե մեկ ժամ և ամբողջությամբ նվիրված է եղել 1980-ից 1988 թվականների իրան-իրաքյան պատերազմին։
Ելույթում որևէ անդրադարձ չի եղել երկրի խոշորագույն քաղաքներում արդեն մի քանի օր շարունակվող բողոքի գործողություններին։
Դրանք մեկնարկել էին 22-ամյա Մահսա Ամինիի՝ ոստիկանական բաժանմունքում արձանագրված մահից հետո։ Երիտասարդ կինը բերման էր ենթարկվել գլխաշոր կրելու կանոնները խախտելու համար։