Մատչելիության հղումներ

Ղրղըզստանում համապետական սուգ է


Մարտական գործողություն տաջիկ-ղրղըզական սահմանին, սեպտեմբեր, 2022թ.
Մարտական գործողություն տաջիկ-ղրղըզական սահմանին, սեպտեմբեր, 2022թ.

Ղրղըզստանում այսօր համապետական սուգ է, սեպտեմբերի 14-ից մեկնարկած և սեպտեմբերի 17-ին հրադադարի պայմանավորվածությամբ ավարտված ռազմական գործողությունների ընթացքում ընդհանուր հաշվով հարյուրից ավելի մարդ է սպանվել, կան մեծ թվով վիրավորներ:

Ղրղըզական կողմն, ըստ Առողջապահության նախարարության, 59 զոհ ունի:

Տաջիկստանի իշխանությունը զոհերի թիվ այսօր չի հրապարակում: Այդ մասին խոսել է միայն դեմոկրատական կուսակցության ղեկավար, պատգամավոր Սաիջաֆար Ուսմոնզոդան, ով հայտարարել է, թե առճակատման ընթացքում սպանվել է ավելի քան 60 մարդ, և առաջարկել է վաղը՝ սեպտեմբերի 20-ին, Տաջիկստանում համապետական սուգ հայտարարել:

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի գրասենյակը հայտնել է, թե նախագահը հանձնարարել է անհրաժեշտ օգնություն տրամադրել բախումներում տուժած բոլոր զինծառայողներին: Հաղորդագրությունում ասվում է, թե «ղրղըզական բանակի ագրեսիվ գործողությունների հետևանքով Տաջիկստանի բանակի մի շարք սպաներ և շարքայիններ վիրավորվել են»:

Ավելի վաղ Տաջիկստանի արտաքին գերատեսչությունը հայտնել է, որ բախումներում սպանվել է առնվազն 38 քաղաքացի, այդ թվում` 2 զինվոր: Տաջիկստանը պնդում է, որ 15 մարդ զոհվել է մզկիթում, որին հարվածել է ղրղըզական անօդաչուն:

Ղրղըզական կողմի վիրավորների մի մասին փոխադրել են մայրաքաղաք Բիշքեկի պետական հոսպիտալի օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունք, որի վարիչ Մանսուր Կուդայկուլովն ասել է, թե զինվորների մեծ մասը հրազենից և արկերի բեկորներից են տուժել:

Ղրղըզստանն այս օրերին բախումների գոտուց տարհանել է մոտ 137 հազար բնակիչ: Դա, ըստ Ղրղըզստանի անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Իմանկուլովի, ամենալայնածավալ տարհանումն է, որը երբևէ իրականացվել է երկրում:

Նրա խոսքով, սպանվածներից մի քանիսին խոշտանգել են: «Կտտանքների և դիակները պղծելու հետքեր ենք հայտնաբերել: Նման բան նախկինում չի եղել, դա թույլ է տալիս ենթադրել, որ ռազմական գործողություններին մասնակցել են ծայրահեղական և ահաբեկչական խմբեր»,- ասել է Իմանկուլովը:

Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը դիմել է ժողովրդին և ասել է, թե ամեն ինչ արվում է Տաջիկստանի հետ հարցը խաղաղ կարգավորելու համար:

«Պետական բոլոր կառույցները ներգրավվել են տուժածներին օգնելու գործում: Փառք Աստծո, մեր գանձարանը դատարկ չէ, մենք ունենք բավարար միջոցներ այս կոնֆլիկտում տուժած բնակիչներին և զինծառայողներին սատարելու համար»,- ասել է Ժապարովը:

Նա հավաստիացրել է, որ Ղրղըզստանի բանակն ի զորու է ապահովել երկրի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը:

Ինչպես և նախորդ բախումները, վիճակն այս անգամ էլ սրվել է Տաջիստանի Սոգդիան մարզի և Ղրղըզստանի Բատկենի շրջանի սահմանին, որտեղ կա երեք կողմից ղրղըզական տարածքով շրջապատված Վորուխ անվամբ տաջիկական մի անկլավ:

Ըստ ղրղըզների, տաջիկ սահմանապահները սեպտեմբերի 14-ին ներխուժել են Բատկենի շրջանի Բուլակ-Բաշի բնակավայրի տարածք և այնտեղից հեռանալու մասին ղրղըզների պահանջին կրակով են պատասխանել: Ժամեր անց բախումներ են սկսվել սահմանի հարակից հատվածներում, ընդ որում, տաջիկները հրասայլեր են կիրառել:

Ղրղըզ-տաջիկական սահմանի երկարությունը 980 կիլոմետր է: Ավելի քան 660 կիլոմետրը՝ մոտ 70 տոկոսը, սահմանատազվել և սահմանագծվել է: Մնացած մասում կան վիճելի հատվածներ, ինչը և պարբերաբար հանգեցնում է արյունալի բախումների: Նման առաջին խոշոր բախումը տեղի է ունեցել 2014 թվականի հունվարին:

Վերջին բախումները սկսվել են այն ժամանակ, երբ երկու երկրների նախագահներ Սադիր Ժապարովը և Էմոմալի Ռահմոնը Սամարղանդում (Ուզբեկստան) մասնակցել են Շանհայան համագործակցության գագաթնաժողովին:

Այնտեղ նրանք միասին ողջունել են լուրը հրադադարի մասին, որը շատ կարճ ժամանակ անց խախտվել է:

Ժապարովը Սամարղանդից անմիջապես վերադարձել է Բիշքեկ, որտեղ անվտանգության խորհրդի նիստ է գումարել:

Կենտրոնական Ասիայի իրադարձություններին հետևող «Ազատության» վերլուծաբանները մի կարևոր հանգամանք են նշում՝ ղրղըզ-տաջիկական սահմանային միջադեպերը, սովորաբար, տեղի են ունենում, երբ Ռահմոնը գտնվում է արտասահմանում ու հատկապես այն օրերին, երբ Տաջիկստանում ներքաղաքական լարվածություն է ստեղծվում:

Այդ իրավիճակում պաշտոնական Դուշանբեն հայրենակիցներին կոչ է անում միավորվել իշխանության շուրջ և համատեղ ուժերով պայքարել երկրին սպառնացող արտաքին ու ներքին վտանգների դեմ:

Թե՛ Ղրղըզստանը և թե՛ Տաջիկստանը ՀԱՊԿ անդամներ են: ՀԱՊԿ-ը երկու երկրներին կոչ է արել անհապաղ դարարեցնել բախումները և դիվանագիտական եղանակով կարգավորել վեճը:

ՀԱՊԿ առաջատար երկիր Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը հեռախոսով զրուցել է ղրղըզ և տաջիկ պաշտոնակիցներ Ժապարովի և Ռահմոնի հետ: Մոսկվան հայտարարել է, թե պատրաստ է Բիշքեկին և Դուշանբեին օգնել սահմանազատման և սահմանագծման հարցում:

XS
SM
MD
LG