Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի իր պաշտոնակիցների հետ: Սադիր Ջապարովի և Էմոմալի Ռահմոնի հետ Պուտինը քննարկել է ղրղզա-տաջիկական սահմանին տիրող իրավիճակը, հայտնում է Կրեմլի կայքը։
Պուտինը «կոչ է արել կողմերին կանխել հետագա էսկալացիան և միջոցներ ձեռնարկել իրավիճակը հնարավորինս շուտ կարգավորելու համար՝ բացառապես խաղաղ, քաղաքական և դիվանագիտական միջոցներով»։
Սեպտեմբերի 19-ը Ղրղզստանում համազգային սգի օր է հայտարարվել։ Զոհերի թիվը հասել է 46-ի, այդ թվում՝ 15-ամյա աշակերտուհի։ Տուժել է 134 մարդ։
Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է իր ավելի քան 30 քաղաքացիների մահվան մասին:
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակը սրվել է սեպտեմբերի 14-ին։ Ղրղզական կողմի տվյալներով՝ չորեքշաբթի օրը տաջիկ սահմանապահները մտել են Ղրղզստանի Բատկեն շրջանի Բուլակ-Բաշի շրջանի սահմանային գոտի և «գրավել մարտական դիրքեր»։ Տարածքը լքելու պահանջին ի պատասխան՝ Տաջիկստանի սահմանապահները կրակ են բացել, որից հետո փոխհրաձգություն է սկսվել։ Մի քանի ժամ անց զինված բախումներ են տեղի ունեցել նաև այլ շրջաններում։
Տաջիկական կողմի վարկածով՝ իրադրությունը սահմանին սրվել է այն բանից հետո, երբ ղրղզ սահմանապահները ականանետերից կրակ են բացել տաջիկական ուղեկալի ուղղությամբ։