Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ այս օրերին Բաքվում է հայ-ադրբեջանական կարգավորման հարցով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը` քննարկելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարները։
«Մոտ ժամանակները Խովաևը պլանավորում է նույն նպատակով այցելել նաև Երևան»,- փոխանցել է ռուսաստանցի պաշտոնյան։
Բաքվում հույս ունեն հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագիր ստորագրել արդեն մի քանի ամսից, այդ մասին անցած օրերին հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Հայկական կողմը ժամկետների մասին չի խոսում, նաև չի հստակեցնում, թե ինչ սկզբունքների հիման վրա են ընթանալու խաղաղության պայմանագրի բանակցությունները։ Ի տարբերություն Երևանի, որն ընդունել է Բաքվի ներկայացրած բոլոր հինգ սկզբունքները, ադրբեջանական կողմը մերժել է Երևանի առաջարկները՝ պնդելով, որ Ղարաբաղի հարցը փակված է։