Մատչելիության հղումներ

Թեհրանը պատրաստ է շարունակել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ


 Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին։
Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին։

Թեհրանն այսօր հայտարարեց, թե պատրաստ է շարունակել համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ։

Այսօրվա ճեպազրույցում Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին ասել է.

«Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտարարել է և հայտարարում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ կառուցողական համագործակցությունը շարունակելու իր պատրաստակամության մասին»:

Նա նշել է, որ Իրանը ոչ միայն պարտավորություններ, այլ նաև իրավունքներ ունեի և, բնականաբար, ակնկալում է կառուցողական գործողություններ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, նրա կառավարման մարմնի անդամների և ԱՄՆ-ի կողմից։

«ԱՄՆ կառավարության պաշտոնյաները պետք է կառուցողական քայլեր ձեռնարկեն համաձայնության հասնելու համար»:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցելու Թեհրանի հայտարարությանը հնչեց այն բանից հետո, երբ Եվրոպական գերտերությունները հիասթափություն հայտնեցին Իրանի հետ 2015-ին ստորագրված միջուկային համաձայնագիրը փրկելու համար Թեհրանի դիրքորոշման կապակցությամբ։

Անցած շաբաթ օրը Ֆրանսիան, Բրիտանիան և Գերմանիան հայտարարել են, որ լուրջ կասկածներ ունեն միջուկային համաձայնագիրը վերականգնելու Իրանի մտադրությունների վերաբերյալ։ Համաձայնագիր, որը սահմանափակում է Իրանի միջուկային ծրագրերը, որպեսզի Իրանը չկարողանա ատոմային զենք ունենալ, իսկ դրա դիմաց Իրանի վրայից հանվում են պատժամիջոցները, որոնք էականորեն ազդում են երկրի տնտեսական զարգացման վրա։

Թեհրանը մերժել էր Եվրոպական երեք գերտերությունների մտահոգությունները, իսկ Մոսկվան դրանք համարել էր ծայրահեղ ժամանակավրեպ։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարման խորհուրդն այսօր նիստ է անցկացնում։ Նիստն անցկացվում է երեք ամիս անց այն բանից հետո, երբ նախորդ հանդիպմանը բանաձև էր ընդունվել՝ Թեհրանին կոչ անելով հավաստի պատասխաններ տալ Իրանում երեք տեղամասերում գործակալության կողմից հայտնաբերված ուրանի հետքերի կապակցությամբ։ Իրանը հայտարարել էր, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետաքննությունները քաղաքական դրդապատճառներ ունեն։

Ավելի վաղ Իրանը անջատել էր իր միջուկային օբյեկտներում տեղադրված ԱԷՄԳ տեսախցիկները, որոնք օն-լայն ռեժիմով վերահսկում էին իրավիճակը։

Այսօր համաձայնություն հայտնելով՝ շարունակելու համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ, Իրանի արտգործնախարարության խոսնակը նաև կոչ է արել չտրվել Թեհրանի հանդեպ Իսրայելի ճնշումներին:

«Վիեննայի գործընթացի կողմերը, ակնկալվում է, որ առաջնահերթությունը կտան իրենց ժողովրդի և երկրների ազգային շահերին և չեն տրվի սիոնիստական ռեժիմի ապակառուցողական վարքագծի ազդեցությանը»։

Ավելի վաղ Իսրայելը սպառնացել է հարձակում գործել Իրանի միջուկային օբյեկտների վրա, եթե դիվանագիտությունը չկարողանա զսպել Թեհրանի միջուկային հավակնությունները։ Թեհրանն իր հերթին խոստացել է ջախջախիչ պատասխան տալ Իսրայելի ցանկացած ագրեսիային։

«Մեհր» գործակալությունն այսօր մեջբերել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Քյումարս Հեյդարիի խոսքերն, ով ասել է, թե Իրանը հեռահար դրոններ է մշակել, «Arash-2» կամիկաձե դրոնները նախագծված են Իսրայելի խոշոր քաղաքներին, այդ թվում՝ Թել Ավիվին և Հայֆային հարվածելու համար։

Բանակցային գործընթացի մասին Իսրայելի պաշտոնյաներից մեկը նախօրեին ասել էր, որ Թել Ավիվը չի ակնկալում, որ գերտերությունները Թեհրանի հետ ինչ-որ համաձայնության կհասնեն մինչև նոյեմբերին կայանալիք ԱՄՆ-ի կոնգրեսի միջանկյալ ընտրությունները։

Վիեննայում ավելի քան մեկ տարի առաջ վերսկսված բանակցությունների նպատակը 2015-ին Թեհրանի և 6 գերտերությունների՝ ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի ու Չինաստանի միջև ստորագրված համաձայնագիրը վերականգնելն է։

Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ ԱՄՆ-ն միակողմանի դուրս էր եկել համաձայնագրից։ Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը համաձայնել էր վերսկսել բանակցությունները։ Վիեննայում Եվրոպայի գործընկերների միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև 16 ամիս շարունակված անուղղակի բանակցություններից հետո եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Ժոզեպ Բորելը օգոստոսի 8-ին հայտարարեց, որ փակուղուց դուրս գալու և համաձայնագիրը վերականգնելու համար Իրանին վերջնական առաջարկ է ներկայացվել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG