Մատչելիության հղումներ

Ռուսները չեն մտել արցախյան հակամարտության գոտի, որպեսզի այդքան հեշտ ենթարկվեն ադրբեջանական շանտաժին․ Թաթուլ Հակոբյան


Ռուսները չեն մտել արցախյան հակամարտության գոտի, որպեսզի այդքան հեշտ ենթարկվեն ադրբեջանական շանտաժին, ադրբեջանական հարձակումներին, «Ազատության» հետ զրույցում ասաց լրագրող, հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է ադրբեջանցիները փորձեն վերահսկողություն հաստատել ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, զինաթափել Պաշտպանության բանակը։

Ադրբեջանը շատ պիտի մտածի որպեսզի գնա նման սադրիչ քայլերի, ասաց հրապարակախոսը։

«Այո՛, և՛ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով, և՛ Արցախում կարող են լինել ինչ-որ էդպիսի պրովոկացիաներ, ինչի մասին ակնարկել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը՝ նշելով, որ իրենք «հակահարված կհասցնեն հայկական կողմի սադրանքներին»։ Սրա մեջ իհարկե վտանգ կա, բայց այնուամենայնիվ չեմ կարծում, որ ռուսներն այդքան հեշտ կտրվեն ադրբեջանական կողմի սպառնալիքներին և շանտաժին», - ասաց Հակոբյանը։

Ռուսաստանի հետ պետք է աշխատել նորմալ ձևով՝ շեշտեց՝ լրագրողը՝ քննադատելով կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատություններն՝ ուղղված ռուս խաղաղապահների գործունեությանը։

«Ի՞նչ է նշանակում կառավարության նիստում տասը րոպե քննադատել ռուսներին, ռուս խաղաղապահներին, հետո 12 ժամ օդանավը վարել հասնել Վլադիվոստոկ և 10 անգամ պարոն Պուտինին շնորհակալություն հայտնել։ Գիտեք, կա՛մ մեկը, կա՛մ մյուսը։ Սա ի՞նչ քաղաքականություն է։ Այստեղ հակասություն կա», - ասաց Հակոբյանը՝ շեշտելով՝ պետք չէ այս պայմաններում, երբ որ Արցախի անվտանգությունը գլխավորապես կապված է ռուս խաղաղապահների ներկայությունից, հավելյալ արժանանալ Վլադիմիր Պուտինի հիշաչարությանը, որոնք կոնկրետ կյանքերի գնով են լինելու։

Այս օգոստոսի սկզբին իրադրությունը շփման գծում լարվեց։ Օգոստոսի 4-ին՝ Արցախում ռազմական գործողությունների հաջորդ օրը, որոնց հետևանքով հայկական կողմը երկու զոհ և մոտ երկու տասնյակ վիրավոր տվեց, գործադիրի նիստում վարչապետը հայտարարեց, թե 2020-ի նոյեմբերի 9-ի զինադադարից հետո Արցախում ադրբեջանական զինուժը գրավել է բնակավայրեր և գերել հայ զինծառայողների՝ ռուս խաղաղապահների թողտվությամբ։

«Շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները, Լեռնային Ղարաբաղի հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես ու հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են: Այս համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը», - ասել էր Փաշինյանը։

Սեպտեմբերի 7-ին Փաշինյանը Վլադիվոստոկում հանդիպեց Պուտինի հետ՝ շեշտելով, որ բարձր են գնահատում Ռուսաստանի խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, Լաչինի միջանցքում, և «ես կարծում եմ, որ դա շատ կարևոր է ընդգծել: Ընդհանրապես՝ Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման իմաստով կան նրբություններ, որոնք մենք մշտապես քննարկում ենք և կարծում եմ` այսօր էլ շատ տեղին կլինի այդ հարցերը քննարկել»:

Ընդգծելով, որ Ռուսաստանը Հայաստանի ամենամոտ գործընկերն ու ռազմավարական դաշնակիցն է, Նիկոլ Փաշինյանը կարևորել է «այս բարդ ժամանակներում մշտական շփումները և դիրքորոշումների հստակեցումը»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG